ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԹՈՂ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԱՍԵԻՆ
«Մենք թիմով ենք համագործակցում, եւ Խաչատուր Քոքոբելյանն էլ ներկայացնում է այդ թիմը եւ այդ թիմի առաջնորդն է»,-անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն հայտարարությանը, թե իրենք պատրաստ են համագործակցել «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, բայց այդ համագործակցությունը փոշիացնում է Խ. Քոքոբելյանը, NEWS.am-ին ասել է ԱԴԿ մամուլի խոսնակ Անժելա Խաչատրյանը: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ ԱԴԿ-ի ոչ մի անդամի, այդ թվում` Քոքոբելյանի հետ մանդատը վայր դնելու պայմանավորվածություն չկա, եւ եթե «Ժառանգության» անդամները հայտարարում են, որ գիտեին նման պայմանավորվածության մասին, ապա թող ժամանակին հայտարարեին:

ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԻՑ Է ՍԿՍԵԼ
Armlur.am-ի տեղեկացմամբ` Գյումրու նորընծա քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է անձամբ անակնկալ այցելություններ կատարել քաղաքապետարանի ենթակա հիմնարկներ եւ ստուգել տեղում կատարվող աշխատանքները: Մասնավորապես Գյումրիում լուրջ խոսակցությունների առիթ է տվել «Շիրակ գերեզմանատուն» հիմնարկ կատարած վերջինիս այցը, որի ընթացքում Բալասանյանն այն աստիճան է զայրացել, որ տեղում հրահանգել է աշխատանքից ազատել հիմնարկի ղեկավարին, քանզի վերջինս գերեզմանների տարածքների համար մահացածների հարազատներից մեծ գումարներ է պահանջել:  

ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԱՎ Է
«2012թ. առաջին կեսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 40 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակի կտրվածքով այդ անկումը կազմել է 60 տոկոս»,-Facebook-ի իր էջում նման թվեր է ներկայացրել Վարդան Օսկանյանը:

ԵՐԿԱՐԱՁԳԵՑԻՆ
ԱՆ ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը հոկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն երրորդ անգամ երկարացրել է եւս 2 ամսով: Հիշեցնենք, որ Հովհաննիսյանը կասկածվում է այլ դատապարտյալի միջոցով ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Ջամալ Սլոյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու «մտադրության» մեջ:

ԷԼԻ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է սկսվեր «բանդայի գործով» դատավարությունը: Սակայն այն կրկին հետաձգվեց նախորդ նիստի ժամանակ հիվանդ Քյարամ Ամոյանի պաշտպանի բացակայության պատճառով: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:

ՆԱԽՕՐՈՔ ԳԻՏԵԻՆ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հաստատել է, որ Երեւանից Հալեպ մեկնող ինքնաթիռը Թուրքիայի Էրզրում քաղաքում տեխնիկական զննում անցնելուց հետո բարեհաջող վայրէջք է կատարել Հալեպի օդանավակայանում: «Էյր Արմենիա» ընկերության` 14 տոննա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի զննման գործընթացը Թուրքիայում տեւել է 6 ժամ: Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները բեռները ստուգելու պայմանն առաջադրել էին մոտ մեկ շաբաթ առաջ, ինչին հայկական կողմը համաձայնել էր:

ՈՐՈՇՈՒՄ ՉՈՒՆԵՆ
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն «Առավոտ»-ին ասել է, որ «Ազատ դեմոկրատներ»-ի հետ հետագա համագործակցության շուրջ որեւէ որոշում առայժմ չունեն: Ի թիվս այլ հարցերի՝ այս հարցը եւս հնարավոր է քննարկվի ամսի 21-ին կայանալիք կուսակցության վարչության նիստում:




Լրահոս