ՀՀ Ազգային ժողովի վանաձորցի պատգամավոր Էդմոն Մարուքյանը բարձրաձայնում է այն մասին, որ Վանաձորի ավագանու առաջիկա նիստի ընթացքում կքննարկվի Տիգրան Մեծ պողոտայի, Մյասնիկյան և Մխիթար Գոշ փողոցների վրա ավտոկայանատեղերի կազմակերպման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:
«Ըստ քաղաքում շրջանառվող տեղեկությունների` Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջարկվում է Երևանի փորձը կիրառել Վանաձորում` ներդնելով «կարմիր գծեր» քաշելու վիճահարույց պրակտիկան»,- սոցցանցի իր էջում նշում է պատգամավորը, և հավելել, որ ինքը դրան միանշանակ դեմ է:
Armlur.am-ը փորձեց կապ հաստատել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ և խոսել նշվածի վերաբերյալ, սակայն ապարդյուն: Քաղաքապետը օտարերկրյա պատվիրակության հետ հանդիպումների մեջ էր և ժամանակ չուներ հեռախոսազանգերին պատասխանելու:
Փոխարենը կապ հաստատեցինք քաղաքապետի մամուլի խոսնակ Էդվարդ Արզումանյանի հետ, ով մեզ վստահեցրեց, որ Վանաձորում կարմիր գծեր չեն տեղադրվելու: Մեր հարցին` առաջիկա նիստում այդ դեպքում ի՞նչ հարց է քննարկվելու ավագանու կարմիր գծերի հետ կապված, քաղաքապետի մամուլի խոսնակը ճշտելու համար ժամանակ խնդրեց: Նա նաև նշեց, որ բոլոր հարցերի պատասխանները կհնչեն ավագանու նիստի ընթացքում, և քաղաքապետն այս հարցով ոչինչ չի մեկնաբանում:
Վերջինս, երևի ճշտելուց հետո, մեզ փոխանցեց, որ քիչ հետո քաղաքապետարանը պաշտոնական հաղորդագրությամբ հանդես կգա և այլ մանրամասներ չկարողացավ ասել` պատճառաբանելով, որ ինքն արձակուրդում է և այլ մանրամասների չի տիրապետում: