ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ ՈՒ ՔԱՐԿՈԾԵԼ ԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում այսօր կլսվի ամբաստանյալ Գեւորգ Արսենյանի եւ նրա քեռորդու՝ Գարեգին Խաչատրյանի գործով դատաքննությունը: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք նախնական համաձայնությամբ Երեւանի Զեյթուն թաղամասում կանգնեցրել են Հովհաննես Թովմասյանի վարած «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան եւ վերջինիս մոլորեցնելով՝ վարել տվել Արարատի մարզի Հովտաշատ գյուղ: Երբ մեքենան հասել է դժվարանցանելի մի հատված եւ կանգնել, Գեւորգն իջել է մեքենայից, դանակով ավտոմեքենայի բաց պատուհանից հարվածել տաքսու վարորդի պարանոցին, հետո քեռորդու հետ միասին սկսել քաշքշել Հովհաննեսին եւ գումար պահանջել: Վերջինս նրանց է տվել իր մոտ եղած 10-12 հազար դրամը: Հանցագործությունը թաքցնելու նպատակով հարձակվողներն իրենց մոտ եղած դանակներով հարվածել են Հովհաննեսի մարմնի տարբեր մասերին, գցել գետնին եւ շարունակել ոտքերով հարվածել: Դրանից հետո նրան մոտեցրել են ջրատարին, նետել այնտեղ եւ ջրասույզ անելու նպատակով սկսել են մեծ քարեր նետել Հովհաննեսի ուղղությամբ: Որպեսզի բոլոր հետքերը վերացնեն եւ համոզվեն, որ վարորդը մահացել է, Գարեգինն ու Գեւորգը մոտ 1 ժամ սպասել են ջրատարի մոտ, սակայն դիակն այդպես էլ չի երեւացել, քանի որ այդ ընթացքում տաքսու վարորդը,  օգտվելով հարմար պահից, թաքնվել է  եղեգների մեջ: Երկար սպասելուց հետո հարձակվողները դեպքի վայրից հափշտակել են տուժողի մեքենան, վրայից հանել անհրաժեշտ պահեստամասերը, իսկ մեքենան հրկիզել: Նրանց մեղադրանք է առաջադրված ավազակային հարձակման, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու եւ առանձնակի դաժանությամբ սպանության փորձ անելու համար:   

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս