Դիվանագիտական կրթություն չունեցող դեսպանների հասցրած վնասները Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, Ուկրաինայի և Վրաստանի արտգործնախարարություններն այսօր հայտարարություն են տարածել, ըստ որի Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները լեգիտիմ չեն համարում: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում» ընտրությունների արդյունքները չեն կարող ունենալ օրինական հետևանքներ», – նշված է Ուկրաինայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Մեր հարևան երկրների նման վարքում շատերը տեսնում են Ադրբեջանին չնեղացնելու ձգտումը, սակայն սա առաջին հերթին մեր երկրի դիվանագիտության պարտությունն է: Էլ ի՞նչ պետք է սպասել այնպիսի երկրներից, որոնց դեսպանները տեղյակ չեն դիվանագիտական հմտություններից, քաղաքականությունից, և այդ պաշտոնը զբաղեցնելով, ոչ մի օգուտ չեն տալիս Հայաստանին:

Որպես ասվածի վկայություն, բավական է ներկայացնել, թե ովքեր են ՀՀ դեսպանների պաշտոնը զբաղեցնում Ուկրաինայում և Վրաստանում: Ուկրաինայում ՀՀ դեսպանն Անդրանիկ Մանուկյանն է, ով այդ պաշտոնը զբաղեցնում է 2010թ.-ից: Այս հինգ տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որոնք ապացուցում են` վաղուց ժամանակն է նրան այդ պաշտոնից հեռացնելու համար: Երևանի ժողտնտեսության ինստիտուտն ավարտած դեսպանն այս հինգ տարիների ընթացքում «ամեն ինչ» արեց, որպեսզի Ուկրաինան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա էլ ապարդյուն անցավ: Այսքանից հետո ևս մեկ հարված եղավ այն, որ Ուկրաինան, ընկնելով Ադրբեջանի իշխանությունների ազդեցության տակ, Լեռնային Ղարաբաղում անցկացված ընտրությունները չճանաչեց:

Իսկ ո՞ւր մնացին դիվանագիտական հմտությունները, բանակցելու կարողությունները: Ուկրաինայում ՀՀ դեսպանը ոչ միայն այս ամենից հեռու է, այլև հակառակ գործողություններն է անում: Թերևս բոլորը կհիշեն Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի դեպքը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, այն բանից հետո, երբ Ղրիմի հանրաքվեի արդյունքներն անօրինական ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրված բանաձևին Հայաստանը դեմ էր քվեարկել, հեռացել էր Հայաստանից:

Իսկ երբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես շնորհավորեց Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին, դեսպանին, կարելի է ասել, թույլ տվեցին վերադառնալ Հայաստան:  Այս ամենում իր դերակատարությունն էր ունեցել Անդրանիկ Մանուկյանը, ով հանդիպել և համոզել էր Կուխտային վերադառնալ: Փաստորեն, այս գործը նա գլուխ բերեց, սակայն Ուկրաինայի արտգործնախարարության կողմից այդպիսի հայտարարության տարածումը` ոչ:

Ոչ իր տեղում է գտնվում նաև Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը: Վերջինս ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնում իր աշխատանքը ձախողելուց հետո այժմ էլ չի կարողանում գլուխ բերել դեսպանի աշխատանքը: Նրան դեսպան նշանակելու որոշումն ի սկզբանե համարվում էր Սերժ Սարգսյանի ամենասխալ կադրային ընտրությունը:

Դեսպանի պաշտոնը վստահվեց  մի անձնավորության, ով չկարողացավ իրեն արդարացնել անգամ մասնագիտական ոլորտում (չնայած նա լեգենդար մարզիկ է, աշխարհի ու օլիմպիական բազմակի չեմպիոն, սակայն սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում պարզապես ձախողվեց, ուր մնաց արտաքին քաղաքական և դիվանագիտական հարցերում կարողանար աշխատել): Նա դիվանագիտական աշխարհում ոչ միայն ճանաչված չէ, այլև դիվանագիտական, քաղաքագիտական և պատմագիտական նվազագույն գիտելիք չունի:

Ընդգծենք, որ Սերժ Սարգսյանի այս նշանակումները  տեղավորվում են նրա կադրային քաղաքականության տրամաբանության մեջ, քանի որ նա դեսպանի պաշտոնը դարձրել է մարդկանց լավություն անելու և աշխատանքի տեղավորելու հեշտ միջոց: Որպես դեսպան մասնագիտական ունակություններ չունեցող անձանց նշանակումը խոսում է այն մասին, որ դիվանագիտական ծառայությունը դիտարկվում է սեփական շրջապատին մատուցած ծառայությունների համար փոխհատուցում:

Արդյունքում, դիվանագիտական աշխատանքի են գործուղվում մարդիկ, ովքեր այդ ոլորտի հետ չունեն անգամ հեռավոր առնչություն, չեն պատկերացնում դեսպանի գործառույթները, դերն ու նշանակությունը:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս