ՀԵՐԹԱԿԱՆ «ԿՐԱԿԸ ԵՐԿՆՔԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հանրապետականներն ինչ տոն կազմակերպում են, առանց կրակի չի ստացվում: Հասարակությունը դեռ չէր մոռացել մայիսի 4-ին տեղի ունեցած պայթյունը, եւ ահա կիրակի օրվա հերթական հրդեհը: Չափազանցրած չենք լինի, եթե ասենք՝ իշխանությունների կազմակերպած միջոցառումների նկատմամբ վախ ու անվստահություն է առաջացել մարդկանց մեջ:
«Իմ սրտի մայրաքաղաք» խորագիրը կրող Էրեբունի-Երեւանի 2794-ամյակին նվիրված միջոցառումները կիրակի օրը մեկնարկեցին «Էրեբունի» արգելոց-թանգարանի հարակից հրապարակից:
Թվում էր՝ գոնե այս անգամ երեւանցիները ազատ կլինեին իրենց ընտրության հարցում, բայց ոչ: Ինչպես ցանկացած իշխանական միջոցառում, այս անգամ էլ պետական հիմնարկությունների աշխատակիցներին ստիպել էին ներկայանալ (որոշ տեղերում նույնիսկ ներկա-բացակա են արել): Բոլորը ստիպված էին պայմանավորված տեղերում կանգնել եւ միամտաբար Հյուսիսային պողոտայում տեսնել Սերժ Սարգսյանին Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ:  
Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ գլխավոր միջոցառումը, որին ներկա էին Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ, Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն եւ բարձրաստիճան այլ հյուրեր:
Տոնական միջոցառումը, ավանդույթի համաձայն, ուղեկցվեց հրդեհով. պատճառն այս անգամ Երեւանի քաղաքապետարանի կողմից «Մարիոթ»  հյուրանոցի եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության շենքերի տանիքներին տեղադրված տոնական հրավառության համար նախատեսված արկղերն էին, որոնք բռնկվել էին: Բարեբախտաբար, տուժողներ չկան:
«Մարիոթ» հյուրանոցի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պատասխանատու Անահիտ Թանթուշյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պարզաբանեց, որ քաղաքապետարանն է հրապարակի բոլոր շենքերի վրա տեղադրել պայթուցիկները: «Ու հենց պայթեցնելու ժամանակ հրդեհ բռնկվեց, եւ հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն անմիջապես մեկուսացրին այն` չթողնելով, որ տարածվի»,-ասաց Անահիտը՝ հավելելով, որ հյուրանոցը վնասներ չի կրել:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը փորձեց հանգստացնել մեզ. «Դա հրդեհ չէ: Այդ պարկերում եղած փամփուշտների արկղը միշտ վերջում այրվում է, այս անգամ դա տեսանելի է եղել, եւ դրա համար էլ հասարակության մոտ թյուրընկալում է եղել»:
Հ.Գ. Նշենք, որ Երեւանի 2794-ամյակին նվիրված միջոցառումների համար քաղաքապետարանը համայնքային բյուջեից ծախսել է 90 մլն դրամ, իսկ մնացածն արվել է հովանավորների միջոցով: Թե ինչքան, քաղաքապետարանից չմասնավորեցրին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս