«Մեր Մարտունի քաղաքում ավելանում են միայն դագաղների խանութները, որովհետեւ մահն է շատացել, մեկ էլ` աէրոպորտի կասսաների վաճառքի կետերի թիվը, քանի որ արտագաղթն է մեծացել: Դեղատների թիվն էլ կրկնակի աճել է, որովհետեւ մարտունեցիների մեջ հիվանդացությունը հաճախակի է դարձել: Էդ քաղաքում զարգացում չկա: Աղբահանությունը խայտառակ վիճակում է: Հողերի մեծ մասը չեն մշակում: Իսկ Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանն էլ ինձ նեղացնում է, որ այս խնդիրների մասին բարձրաձայնում եմ»,-դժգոհում է Մարտունու նախկին փոխքաղաքապետ Ռադիկ Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ի խմբագրություն այցելած Ռադիկ Հարությունյանը 44 տարի Մարտունի քաղաքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ: 2003-ից անցել է աշխատանքի Մարտունու քաղաքապետարանում եւ աշխատել որպես փոխքաղաքապետ: «Քաղաքապետարանում իմ աշխատած տարիներին երեք քաղաքապետ եմ փոխել: Եղել եմ կարգին աշխատող: Մարզպետի եւ քաղաքապետի կողմից բազմիցս պարգեւատրվել եմ պատվոգրերով: Ցավոք, իմ արդարախոսությունը եւ կուսակցական նվիրվածությունը բորբոքեցին գործող քաղաքապետին: Որպես արդյունք՝ ես գործազուրկ եմ»,-ասում է Ռ. Հարությունյանը:
2012թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) առաջարկով Ռ. Հարությունյանն առաջադրում է իր թեկնածությունը համայնքի ղեկավարի պաշտոնում: Սա հարուցում է գործող քաղաքապետ Բագրատ Հարությունյանի դժգոհությունը, որը կանչում է Ռ. Հարությունյանին եւ հորդորում նրան հանել իր թեկնածությունը:
«Ես մերժեցի, քանի որ իմ կուսակցության զինվորն եմ: Իմ առաջնորդն ինչպես ասի, ես էնպես էլ անելու եմ: Ես արդար մարդ եմ, կոմունիստ, ես չեմ կարող կուսակցական հրահանգներին դեմ գնալ, որոշումներն անտեսել: Դա էլ ասեմ, որ մեր քաղաքում զարգացում չկա: Ամեն օր ավելանում է ավիոկասսաների, դագաղների խանութի եւ դեղատների թիվը: Մարդիկ լքում են քաղաքը, տխուր վիճակ է, սով, կեղտ, ծանր կեցություն: Իսկ ո՞նց այս վատ երեւույթների դեմ չբողոքեմ, դրա մասին չբաձրաձայնեմ: Չէ՞ որ էս խնդիրները լուծման կարիք ունեն: Իսկ Դուք գիտե՞ք՝ եթե մարդը պնակալեզություն չի անում, չի շողոքորթում ու վիզ չի ծռում պետի դեմ, երբեմն էլ ճիշտը բարձրաձայնում է, ուրեմն ազգի ու անձի թշնամի է դառնում»,-նշում է Ռ. Հարությունյանը:
Նախկին փոխքաղաքապետը պատմում է, որ «պետի» դժգոհությունը նախահիմք ունի: Հիշում է, թե ինչպես է քաղաքապետը վրդովվել, երբ ամիսներ առաջ համայնք այցելած լրագրողի մոտ ինքն անկեղծացել է եւ ասել, որ քաղաքում ամեն ինչ շատ ավելի վատ է, քան ներկայացվում է: Խոսել է ապօրինի շինություններից, քաղաքի մաքրությունից, ավագանու անդամների` օրենքներին անտեղյակությունից եւ այլն: Իսկ քաղաքապետն էլ հրավիրել է նրան ու ասել, որ մեկ թիմում աշխատելու համար պետք է մեկ մտածելակերպ ունենալ:
«Ո՞նց կարելի է էդպես մտածել: Ընդդիմություն լինելն այդքան էլ վատ չէ: Եթե երկիրն ուզում է շահել, պիտի ընդդիմությանն էլ լսի: Ես կասեի ավելին, մարդ պիտի իր տանն էլ ընդդիմություն լինի: Դրանից արդյունք կքաղվի: Կամ եւս մի դիտարկում: Եթե ես կոմունիստ եմ, ընդդիմադիր եմ, ուրեմն էս երկրում աշխատելու իրավունք չունե՞մ: Դե ուրեմն խնդրենք Սերժ Սարգսյանին ինձ քաղաքական ապաստան տա կամ վերականգնի աշխատանքս, այլապես ես ո՞նց ընտանիք պահեմ»,-վրդովվում է Ռ. Հարությունյանը: Վերջինս վստահեցնում է, որ ինքը քաղաքակիրթ դրսեւորումների կողմնակից է: Քաղաքական պայքարի է մտել քաղաքակիրթ ձեւով եւ պարտվելուց հետո էլ ընդունված կարգով շնորհավորել է գործող քաղաքապետ Բ. Հարությունյանին: «Պարտվեցի, չհուզվեցի, գնացի, ձեռքով բարեւեցի ու շնորհավորեցի: Իսկ էթիկայից զուրկ այդ մարդը աշխատակազմը ձեւավորելիս ինձ անտեսեց: Բայց ամենից շատ ինձ վիրավորեց այն հանգամանքը, որ նրա հրահանգով ինձ մոտեցավ քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը եւ խնդրեց ազատման դիմում գրել: Գիտեմ, իր իրավունքն է, բայց ես հո թշնամի՞ չեմ: Ինձ հանձնարարել էին առաջադրվել, ես էլ իմ կուսակցական պարտքն եմ կատարել: Գոնե ոչ փոխքաղաքապետ, բայց ուրիշ աշխատանքի տեղափոխեր, թե չէ ընտանիքս պահել է պետք, չէ՞»,-նեղսրտում է Ռ. Հարությունյանը:
«Ժողովուրդ»-ը փորձեց Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանից տեղեկանալ՝ արդյոք նախկին փոխքաղաքապետի նկատմամբ անվստահությունը պայմանավորված է նրա` ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու իրողությամբ, թե այլ ծանրակշիռ հանգամանքներ կան նրան աշխատակազմում չընդգրկելու համար: Սակայն մինչ ուշ երեկո քաղաքապետի հեռախոսին պատասխանում էր մի երեխա եւ ասում, որ սխալվել ենք:
ԻՆՁ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ՏՎԵ՛Ք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ