ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ ասել է ակցիզային հարկ, եւ ովքեր են համարվում նման հարկ վճարողներ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ակցիզային հարկն անուղղակի հարկ է, որը հաշվարկվում եւ վճարվում է օրենքով սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար: Ակցիզային հարկ վճարողներ են համարվում՝
• ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծողները,
• ՀՀ-ում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող-իրացնողները (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող անձինք):
Ակցիզային հարկ վճարող համարվելու համար օրենքով սահմանվել են առանձնահատկություններ, մասնավորապես՝
• ՀՀ-ում սահմանված կարգով պետական գրանցում ստացած կամ չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով եւ նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) ՀՀ-ում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները),
• որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս, սույն օրենքի համաձայն, համարվում է հարկ վճարող:
Ֆիզիկական անձինք ակցիզային հարկ վճարում են, եթե ներմուծում են ՀՀ կառավարության կողմից սահմանված արժեքային կամ բնեղեն չափերը գերազանցող ծավալի ապրանքներ կամ ՀՀ տարածքում օտարում են ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Չնայած օրենքը հստակ սահմանում է, թե ովքեր են ակցիզային հարկ վճարողները, եւ ինչ չափորոշիչներ կան դրա համար, սակայն քիչ չեն դեպքերը, երբ գնաճն արդարացվում է` դա պայմանավորելով ակցիզի թանկացմամբ: