Ինչ պայմաններում է կայացվել Հիմնադիր խորհրդարանի անդամներին ազատ արձակելու որոշումը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անցած չորեքշաբթի նախագահական նստավայր  այցելելուց եւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո է հրահանգել ՀՀ քննչական կոմիտեից պահանջել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության կալանավորված անդամների գործերը: Ըստ նույն տեղեկությունների՝ նա միաժամանակ հրահանգել է նախապատրաստել կալանավորվածների խափանման միջոցների փոփոխման որոշումները:

Այսինքն՝ դեռեւս ապրիլի 30-ին է կայացվել քաղաքական որոշումն առ այն, որ հաջորդ աշխատանքային օրը` մայիսի 4-ին, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան  Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը եւ Պավել Մանուկյանը ազատ կարձակվեն, ինչն էլ երեկ տեղի ունեցավ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ քաղբանտարկյալներին եւս տեղեկացրել են, որ նրանք մի քանի օրից ազատ կարձակվեն: Հիշեցնենք, որ Սէֆիլյանը եւ նրա ընկերներն անազատության մեջ էին այս տարվա ապրիլի 6-ից:

ՀՀ գլխավոր դատախազության երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ թվարկվածների ազատ արձակումը ներկայացվում  է որպես նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխելու արդյունք: Այսինքն՝ Սէֆիլյանը եւ նրա ընկերները շարունակում են մնալ մեղադրյալներ, քանի որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվել, պարզապես այլեւս վտանգավոր չեն, դրա համար ազատ են արձակել: Ասել է թե՝ պետական գերատեսչությունը հստակ հայտարարել է, որ Սէֆիլյանին եւ ընկերներին կալանավորել էին՝ ապրիլի 24-ին օտարերկրյա հատուկ ծառայություններին հաճոյանալու համար»:




Լրահոս