«168 ժամ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ մամուլում լուրեր հրապարակվեցին այն մասին, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին ցանկանամ է գնել (կամ արդեն գնել է) Congress հյուրանոցը։ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այս կապակցությամբ մարտի վերջին ասել էր, որ «Սեդրակ Քոչարյանի ընկերություններից մեկը» բանակցություններ է վարում «Կոնգրես» հյուրանոցը գնելու ուղղությամբ, ապա ավելացրել է, թե «երկրորդ նախագահի գրասենյակը պարտավոր չէ տեղեկություններ տրամադրել նրա ընտանիքի անդամների մասին»։ Հետո այս խոսակցությունները մոռացվեցին՝ մնալով Քարդաշյանների այցելության, Հռոմի պատարագի և Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ստվերում։ Congress-ի թեման վերհիշելու առիթ հանդիսացավ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից երեկ հրապարակված խոշոր հարկատուների ցանկը։ Բանն այն է, որ Congress հյուրանոցի սեփականատեր իտալական «Ռենկո Արմստեյտ» ընկերությունը շեշտակի ավելացրել է հարկերը՝ ավելի քան 3 անգամ։
Այս ընկերությունը 2015թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 միլիարդ 957 միլիոն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 608.5 միլիոն դրամի դիմաց, և խոշոր հարկատուների ցանկում 45-րդ հորիզոնականից բարձրացել է 10-րդ հորիզոնականը։ Ընդ որում, անուղղակի հարկերն աճել են 1 միլիարդ 129.76 միլիոն դրամով կամ ավելի քան 5 անգամ՝ կազմելով 1 միլիարդ 404.56 միլիոն դրամ։ Ներմուծմամբ ու մեծածախ վաճառքով չզբաղվող ընկերության դեպքում ԱԱՀ-ի նման թռիչքը կարող է վկայել միայն մեկ բանի մասին, ընկերությունն ինչ-որ բան է վաճառել, որի գնի մեջ էլ մտած է եղել այս հարկի գումարը։ Հաշվի առնելով հարկային տփալները՝ կարելի է եզրակացնել, որ «Ռենկոն» արդեն վաճառել է Congress հյուրանոցը։ Ընդ որում, հաշվի առնելով Վ. Սողոմոնյանի խոսքերը՝ կարելի է եզրակացնել, որ հյուրանոցը վաճառվել է հենց Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Եվ վերջապես, հաշվի առնելով «Ռենկոն» վճարած հարկերի աճը, կարելի է անգամ մոտավոր հաշվել, թե ինչ գնով է վաճառվել հյուրանոցը։ Քանի որ «Ռենկոյի» վճարած ԱԱՀ-ն աճել էր 1.1 միլիարդ դրամով, ապա, ըստ տրամաբանության, հյուրանոցի վաճառքի գինը (ըստ փաստաթղթի, ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է շուրջ 6.6 միլիարդ դրամ կամ շուրջ 13.7 միլիոն ԱՄՆ դոլար»։
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: