«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, երբ փետրվարի 2-ին ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվեց, մի քանի օր անց քրեական գործ հարուցվեց նաեւ նրա որդիների` Արմեն եւ Արայիկ Հակոբյանների դեմ, իբր թե մարդկանց առեւանգելու եւ պատանդի կարգավիճակում պահելու փաստի առիթով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով որպես տուժող անցնող անձինք քննիչներին տված ցուցմունքներում հերքել են իրենց առեւանգելու մասին տեղեկությունները եւ ասել, որ նման բան չի եղել, եւ իրենք որեւէ բողոք չունեն:
Հիշեցնենք, որ քննության առիթ էին դարձել այն տեղեկությունները, ըստ որոնց, Արմեն եւ Արայիկ Հակոբյանները փետրվարի 6-ին առեւանգել էին իրենց հորը պատկանող «Ուրախ եւ Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գեւորգյանին եւ հաշվապահ Հերիքնազ Ակունցին եւ որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյանի ինչ-որ բնակարանում: Ինչը, սակայն, ինչպես արդեն նշեցինք, վերջիններս հերքում են: Բայց դա չի խանգարում, որ իրավապահները քննությունը շարունակեն»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: