Երեկ ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ազատ է արձակվել: Այս մասին Armlur.am-ին հայտնեց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը: Վերջինիս փոխանցմամբ` Հակոբ Հակոբյանին ստորագրությամբ ազատ արձակելու մասին իր միջնորդությունը բավարարվել է, և երեկ ուշ երեկոյան նա ազատ է արձակվել` քաղաքից դուրս չգալու պայմանով:
Ինչ վերաբերում է Հակոբ Հակոբյանի առողջական վիճակին, մեր զրուցակիցը հայտնեց, որ այսօր կդիմի բժշկի:
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը մեղադրվում է հարկեր վճարելուց խուսափելու և ապօրինի ձեռնակատիրություն իրականացնելու մեջ:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հայտնել էր, որ Հակոբ Հակոբյանի որդիների` Արմեն և Արայիկ Հակոբյանների դեմ, իբր թե մարդկանց առևանգելու և պատանդի կարգավիճակում պահելու փաստի առիթով հարուցվել է քրեական գործ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս գործով որպես տուժող անցնող անձինք քննիչներին տված ցուցմունքներում հերքել են իրենց առեւանգելու մասին տեղեկությունները եւ ասել, որ նման բան չի եղել, եւ իրենք որեւէ բողոք չունեն: