Մայիսի 3-ին Արցախում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներով` 5%-ի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը, այդ թվում` «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը, որը ստացել է 12 հազար 965 ձայն կամ ընդհանուր թվի 18,81 %-ը: Armlur.am-ի զրուցակիցն է ՀՅԴ պատգամավոր Դավիթ Իշխանյանը:
– Պարոն Իշխանյան, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք ընտրությունները:
-Քարոզարշավի մեկնարկից մինչև ավարտը քաղաքական ուժերը պահպանվել են քարոզարշավի կոռեկտությունը, որևէ դեպք չի եղել: Ընտրություններն անցել են պահպանելով ժողովրդավարության սկզբունքները: Այս ընտրությունները մեկ քայլ առաջ են դեպի ժողովրդավարական պետության ստեղծման:
– «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահը բազմիցս հայտարարել է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իրենց նկատմամբ ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կատարվել են ճնշումներ: Ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են:
– Մենք նման երևույթների չենք հանդիպել:
– Իսկ ՀՅԴ-ի ստացած ձայները արդարացրեցի՞ն ձեր ակնկալիքները:
-Պետք է ասեմ, որ արդյունքները մեր ակնկալիքների չափ չենք կարողացել ապահովել, բայց գոնե մանդատով կարողացել ենք ավելի շատ ձայներ ապահովել: Իսկ ընդհանուր կուսակցությունների ստացած ձայների մասով, կարող եմ ասել` յուրաքանչյուր կուսակցություն վաստակել է իր կատարած աշխատանքի արդյունքը: Ժողովուրդը տվել է իր գնահատականը, իսկ թե որքանով` արդյունքներն արդեն ակնհայտ են:
– Պարոն Իշխանյան, ընտրություններից հետո բավական երկար ժամանակ Արցախի ԿԸՀ-ն պաշտոնական նախնական տվյալներ չէր հրապարակում: Ըստ Ձեզ, ի՞նչն էր արդյունքների մասին տեղեկության տրամադրման ձգձգման պատճառը:
– Կան օրենքի պահանջներ և ԿԸՀ-ն այդ պահանջներով առաջնորդվել է: Իսկ մնացած հարցերը կարող եք ԿԸՀ նախագահին ուղղել: Ուշացնելու խնդիր ես չեմ տեսել:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով` առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող ուժը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35%-ը: «Ազգային ժողովրդավարական կուսակցության» օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 %-ը, «Հայ հեղափոխական դաշնակցության» օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 %-ը:
«Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 %, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 %: Երկու կուսակցություն` ԼՂՀ «Կոմունիստական կուսակցությունն» ու «Խաղաղություն և զարգացումը» չեն հաղթահարել 5%-ի շեմը: Կոմունիստները ստացել են 1136 ձայն կամ 1,65 %, իսկ «Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը` 591 ձայն կամ 0,86 %:
Քրիստինա Աղալարյան