Երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Իհարկե, ԱԺ նախագահն այդ հանդիպումը ձեւակերպել է որպես «մասնավոր» այց, բայց մյուս կողմն այն ներկայացրել է իբրեւ աշխատանքային հանդիպում եւ քննարկում՝ հրապարակելով իր եւ Գրիգորիչի լուսանկարները:
Բնականաբար, այդ փաստը խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, եւ այնտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում: Այսօր արդեն Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանին կանչել են Վրաստանի ԱԳՆ` դժգոհություն հայտնելով կատարվածի վերաբերյալ:
Armlur.am-ի հետ զրույցում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը նշեց` իրականում խնդիրը ոչ թե այն էր, որ հանդիպել չէր կարելի, այլ այն, որ դրա վերաբերյալ հաղորդագրություն չպետք է տարածվեր:
«Ես չգիտեմ` կողմերն ինչպես են պայմանավորվել, բայց ԱԺ նախագահի լրատվական ծառայությունը կարող էր հանդիպման մասով որևէ պաշտոնական հաղորդագրություն չտարածել: Եթե հաղորդագրությունը տարածվել է, նշանակում է` կամ չեն պայմանավորվել, կամ Հայաստանի համար միևնույնն է եղել: Երկու դեպքում էլ սխալ է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով` եթե հայկական կողմը շարունակի անել այսպիսի քայլեր, ապա, բնականաբար, ավելի վատ հարաբերություններ կունենանք Վրաստանի հետ. «Բայց ես կարծում եմ` բանը դրան չի հասնի»: