Հրապարակ. Կճոյանի սանիկը Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ “Հրապարակը” տեղեկություն է ստացել, որ գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը` Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայի Սիեռա Լեոնեի Հանրապետությունում ձերբակալվել է և մոտ 10 ժամ հարցաքննվել տեղի ոստիկանությունում: Թերթը հիշեցնում է, որ նա և գործարար Փայլակ Հայրապետյանը կոնֆլիկտ ունեն: Ամիսներ առաջ Հայրապետյանը գրավադրել էր գրեթե ողջ ունեցվածքը, որի դիմաց Սուքիասյանը բանկից 12 միլիոն դոլար գումար էր վերցրել` իբր Սիեռա Լեոնեում գտնվող իր ալմաստի հանքերը շահագործելու և այդ հումքը Հայաստան բերելու համար: Փայլակ Հայրապետյանը, ով նույնպես այս պահին Աֆրիկայում է, թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը: Ավելին, նա ասաց, որ Սուքիասյանը ձերբակալվել է իր` Սիեռա Լեոնեի Հանրապետության դատախազությանը գրած դիմումի հիման վրա: “Պարզապես այդ գումարները, որ “Ամերիա” բանկից ստացել է Աշոտ Սուքիասյանը, ըստ բոլոր փաստաթղթերի, բիզնես-պլանի, այդ փողերը պետք է ներդրվեին Սիեռա Լեոնեում: Ես դիմում եմ գրել տեղի դատախազությանը, ոստիկանությանը, որպեսզի նրանք պարզեն, թե ուր են գնացել այդ փողերը, որոնք պետք է ներդրվեին իրենց հանրապետությունում: Հիմա ոստիկանությունն ուզում է պարզել, թե այդ գումարները ուր են գնացել և ինչի վրա են ծախսվել”,-թերթի հետ հեռախոսազրույցում ասել է Հայրապետյանը: Նրա խոսքով, այդ գումարներով Սիեռա Լեոնեում մոտ հազար աշխատատեղ պետք է բացվեր:




Լրահոս