Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը երկուշաբթի օրը կանչվել է Վրաստանի արտգործնախարարություն՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի՝ Ցխինվալի դե ֆակտո իշխանությունների ներկայացուցչի հետ հանդիպման պատճառով: Այս մասին, ինչպես հայտնում է Georgianews-ը, ասվում է երկրի ԱԳՆ մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի ներկայացուցչի ու Ցխինվալի շրջանում գործող Ռուսաստանի օկուպացիոն ռեժիմի ներկայացուցչի՝ այսպես կոչված «խորհրդարանի նախագահի» հետ հանդիպման փաստի կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գիգաձեն նշել է, որ սույն փաստը «հակասում է Հայաստանի ու Վրաստանի միջև ավանդական բարեկամական համերաշխությանն ու վնասում է երկկողմ հարաբերություններին»:
Իր հերթին հայ դիվանագետը ափսոսանք է հայտնել կատարվածի կապակցությամբ ու հայտարարել, որ «Երևանը անհապաղ կտեղեկացվի Վրաստանի դիրքորոշման մասին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները գրել էին, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակը մի քանի օր առաջ ընդունել է անջատողական Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակին ու այդ հանդիպման ժամանակ քննարկվել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը: