«Ի՞նչ է ուզում Գագիկ Խաչատրյանը «Հրազդան» մարզադաշտից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրենությունը այսօր մամուլի հաղորդագրություն է տարածել` ներկայացնելով մարզադաշտի հետ կապված դատական վեճի իրենց մեկնաբանությունը.

«Մի քանի օր առաջ ՀՀ ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն տարածեց «Պարզաբանում» խոսուն վերնագրով, որով փորձեց ներկայացնել «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի հետ դատական վեճի նախապատմությունը՝ կեղծելով և աղավաղելով այն:

Մի կողմ թողնելով բուն պարզաբանման գրագիտությունը (օրինակ՝ գրության հեղինակը չգիտի, որ Ազգային ժողով բառակապակցության մեջ ժողով-ը գրվում է փոքրատառով)՝ անդրադառնանք բովանդակությանը, քանի որ պրոֆեսիոնալիզմի պակասը և սուբյեկտիվիզմի ավելցուկը միայն զարմանք կարող են առաջացնել: Նախ՝ պետական գերատեսչությունը գրում է, որ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն կազմակերպել է տոնավաճառ՝ չունենալով դրա իրավունքը: Այնինչ՝ ընկերությունը հանրապետությունում առաջինն է, որ ունի նման լիցենզիա (պատճենները կցվում են):

Հարգելի պաշտոնյաները նման վրիպում են թույլ տվել հատկապես այն պատճառով, որ ստուգման ողջ ընթացքում իրենք փաստաթղթային ոչ մի խախտում չեն հայտաբերել, իսկ այն, ինչ իբր հայտնաբերել են, հիմնված է ցուցմունքների վրա: Ֆինանսների նախարարությունը գրում է, որ տոնավաճառում 538 տաղավար կա, որտեղ առևտրային գործունեությունը է իրականացնում 481 մարդ: Անհասկանալի է, թե ինչու է «սուպերնախարարությունը» ավելորդ տվյալներ մեջբերում՝ տվյալներ, որ ընկերությունը ինքն է տրամադրել, և դրանց վերաբերյալ ոչ մի առարկություն կամ բացահայտում հարկային տեսուչները չեն արել:

Ըստ երևույթին, Ֆինանսների նախարարությունում հասկանում են, թե ինչ անմխիթար վարկ ունեն իրենք հասարակության մեջ և ավելորդ մեջբերումներով ուզում են լուրջ ուսումնասիրություն իրականացրածի կերպար ստեղծել: Իսկ փաստն այն է, որ 2013 թվականի օգոստոսից սկսելով հարկային ստուգումը և ոչ մի խախտում չարձանագրելով՝ հարկային մարմինները նախընտրեցին «փորձված թանի»՝ տոնավաճառի առևտրականներից և ընկերությանն անհայտ անձանցից ցուցմունքներ կորզելու մեթոդին: Բայց սա դեռ ամենը չէ: Հարկային ստուգում իրականացնողները ցուցմունք վերցնելիս, օրինակ, չեն հասկացել կամ իբր չեն հասկացել, որ ավտոկանգառից օգտվելու սակագինը 2013-ին փոխվել է, և գործող սակագնով վերահաշվարկ են արել 2009-ից մինչև 2013 թվականը:

Նույնկերպ հարկային ստուգում իրականացնողները չեն հասկացել, որ տոնավաճառի պահասենյակից պարտադիր չէ ամեն օր կամ ամեն շաբաթ կամ էլ հավասարաչափ օգտվել, որովհետև առևտրականները վաճառում են իրենց ապրանքը, ուստի այն հետզհետե քչանում է՝ մինչև նոր տեսականու հասնելը: Կամ հարկային ստուգում իրականացնողները «հայտնաբերել են», որ տոնավաճառը անվտանգության ծառայություն ունի, որը հսկել է տարածքի անվտանգությունը, և դրա համար առևտրականները վճարել են:

Նախ՝ ի սկզբանե առևտրականներն իրենք էին հերթով գիշերում իրենց տաղավարներում՝ այդպես հսկելով իրենց տարածքը, սակայն մի կողմից ընդառաջելով նրանց ու նրանց ընտանիքների խնդրանքներին, մյուս կողմից տեսնելով, որ առևտուր իրականացնողների գիշերային պահակությունները վեր են ածվում խաղաթղթի և ալկոհոլի գիշերների՝ մարզադաշտի տնօրենությունը որոշում կայացրեց պայմանագիր կնքել մասնագիտացված մի ընկերության հետ՝ այդ խնդիրը լուծելու համար:

Հարկային մարմնի ներկայացուցիչները այս պայմանագիրը ևս աչքաթող են արել և պաշտոնական գրության մեջ ներկայացնում են, թե հենց «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ընկերությունն է իրականացրել անվտանգության ծառայությունը: Այս ամենը կարելի էր վերագրել միայն պրոֆեսիոնալիզմի պակասին կամ մասնագիտական կրթության բացերին, եթե չլիներ անթույլատրելին. շաբաթ-կիրակի առևտուր իրականացնող մարդուն հենց առևտուր իրականացնելիս հարկային քննիչները վեց հոգով տանում են հարցաքննության և վերջում հարցնում, թե ինչո՞ւ չի թողնում «Հրազդան» տոնավաճառը և չի տեղափոխվում Աբովյան քաղաք՝ Գագիկ Ծառուկյանի հիմնած նոր տոնավաճառում աշխատելու:

Հենց սա հաշվի առնելով՝ խիստ տարօրինակ է անհիմն քրեական գործը չկարճելը, մանավանդ որ ընկերությունը ֆինանսական խնդիրներից խուսափելու համար արդեն վճարել է այդ գործով սահմանված ողջ տուգանքը՝ 52.949.380 դրամ, թեև վարչական դատարանում վիճարկում է այն: Սակայն հարկային մարմինը արգելանք է դրել ընկերության դրամական միջոցների վրա, ինչի արդյունքում անհնար է դարձել մարզադաշտի պահպանության համար անհրաժեշտ ծախսերի կատարումը, մարզադաշտը պատշաճ վիճակում պահելը: Այս ամենից պարզ է դառնում, որ Ֆինանսների նախարարության խնդիրն ամենևին էլ պետության գանձարանի մուտքերն ապահովելը չէ, այլ ինչ-ինչ մարդկանց անձնական շահերը սպասարկելը:»

11128280_904848746254505_1259176944_n

11210293_904848786254501_1604111315_n

11215941_904848782921168_1226314914_n

 




Լրահոս