ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը երեկ խորհրդարանում` Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հանրությանը հերթական գույժն է հաղորդել: Պարզվում է՝ հայրենի Կառավարությունը երկար-բարակ մտածել է, թե ինչպես վերանորոգել Հայաստանի ճանապարհները, եւ լուծումներից մեկը տեսել է վառելիքի վրա նոր հարկատեսակ սահմանելու մեջ: Այո՛, այո՛, Հարությունյանն ասել է, որ իրենք քննարկում են մի տարբերակ, ըստ որի՝ կարող է ստեղծվել, այսպես կոչված, «ճանապարհային ֆոնդ», որը պետք է գոյանա վառելիքի գինը բարձրացնելով, եւ այդ միջոցներով հնարավոր կլինի ճանապարհները վերանորոգել: Այսինքնէ ՀՀ Կառավարությունում չեն քնում ու մտածում են՝ էլ ի՞նչ է հնարավոր անել՝ վարորդների հաշվին բյուջե ձեւավորելու համար (արագաչափերի, տեսախցիկների, կարմիր գծերի, ԱՊՊԱ-ի, տեխզննման, ՃՈ-ի սահմանած տուգանքները քիչ էին): Բայց այս իրավիճակում կարեւոր է իմանալ ճշմարտությունն առ այն, որ Հայաստանում ճանապարհները տարիներ շարունակ չեն վերանորոգվում ոչ թե այն պատճառով, որ պետբյուջեում կամ համայնքային բյուջեներում փող չկա, ընդհակառակը, միջոցներ միշտ եղել են եւ կլինեն, պարզապես մի շարք պաշտոնյաների դունչը պետբյուջեի միջից դուրս չի գալիս: Այդքան գումար, որքան տարեկան բյուջետային միջոցներից մսխվում է, հնարավոր չէ անգամ «ուտել», նրանք ուղղակի լափում են հարկատուների միջոցները: Օրինակ՝ միայն Երեւանի քաղաքապետարանը տարեկան 4-ից 8 միլիարդ դրամ է հատկացնում ճանապարհների վերանորոգման վրա, բայց մայրաքաղաքի կենտրոնից այն կողմ բարեկարգ ճանապարհ չես գտնի. համընդհանուր կարկատաններ եւ փոսեր են: Գումար ե՞ք ուզում, այնպես արե՛ք, որ արդյունավետ ծախսվեն հատկացումները, եւ նոր հարկատեսակների ու տուգանքների անհրաժեշտություն չի առաջանա:
Ինչպես հայտնի է՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մտադիր է դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` սպառողներին մատակարարվող էլէներգիայի սակագինը վեց դրամով բարձրացնելու համար: Երեկ «Ժողովուրդը» փորձեց ՀԷՑ-ից պարզել, թե հայտը երբ է ներկայացվելու: ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալիա Սարջանյանն ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է, բայց, առաջիկայում, ընկերությունը պատրաստվում է դիմել ՀԾԿՀ-ին: Սարջանյանը չկարողացավ ասել, թե իրենց ընկերությունը կոնկրետ երբ է պատրաստվում հայտը ներկայացնել: Սակայն «Ժողովուրդ»-ին հաջողվեց պարզել, որ ՀԷՑ-ի տնօրինությունը մտադիր է հենց եկող շաբաթ հայտը ներկայացնել ՀԾԿՀ-ին: Այսինքն՝ արդեն իսկ կարող ենք կանխատեսել, որ էլէներգիայի սակագինն այս տարվա հուլիսի 1-ից կբարձրանա: Նախնական տեղեկություններով՝ մեկ կիլովատի ցերեկային սակագինը 42 դրամից կդառնա 48, իսկ գիշերայինը` 32-ից 38 դրամ:
«Ժողովուրդ»-ն արձանագրել է, որ այս երկուշաբթի մեկնարկած ԱԺ քառօրյայի ընթացքում խորհրդարանի նիստերի դահլիճում բոլոր պատգամավորների սեղաններին «մե շիշ» «Նոյ» եւ բաժակ է դրված: Նկատենք, որ մինչ այս ԱԺ-ում օգտագործվում էր միայն «Ջերմուկ» եւ «Բյուրեղ», որոնք արտադրվում են ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող գործարանում: Իսկ «Նոյը» եւ «Բջնին» արտադրվում են ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի գործարանում: Կարելի կարծել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է Արսենյանի «գործին խփել»: «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ լրատվականի ղեկավար Արսեն Բաբայանից ճշտել, թե ինչու է որոշվել հատկապես «Նոյ» դնել սեղաններին: «Գնումների գործընթաց է, որ ընկերությունը հաղթում է, այդ ընկերությունն էլ մատակարարում է: Կոնկրետ դեպքում հաղթել է «Նոյ» ապրանքանիշը ներկայացնող ընկերությունը»,- պատասխանեց Բաբայանը: Այսպիսով, պետք է արձանագրել, որ ԱԺ-ում «Ջերմուկ»-ի մենաշնորհը կոտրվել է՝ թեեւ այս դեպքում ի հաշիվ Հ. Թովմասյանի «սիմպատիաների»:
Պարզվում է՝ ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ավագանու հինգ անդամներից չորսը կանայք են: Այս գյուղում ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել անցած տարվա դեկտեմբերի 21-ին: Բաղրամյանի գյուղապետ Կայծակ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ավագանու կազմում միայն կանայք են, քանի որ իրենց գյուղի տղամարդիկ մեկնել են ՌԴ` արտագնա աշխատանքի: «Բա ընտանիքն ո՞վ պետք է պահի, կերակրի: Իսկ ավագանու անդամները չեն վարձատրվում, դրա համար էլ տղամարդիկ չեն մնացել եւ գնացել են ՌԴ` արտագնա աշխատանքի, կանայք էլ հասարակական հիմունքներով ավագանի են»,- ասաց գյուղապետը: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե իր համար դժվար չէ՞ ավագանու կին անդամների հետ աշխատել, գյուղապետը պատասխանեց. «Կանայք ավելի աշխատասեր եւ օբյեկտիվ են, քան տղամարդիկ»: Հավելենք՝ Բաղրամյանի օրինակը թերեւս ամբողջությամբ բնութագրում է Հայաստանում ներկայումս տիրող վիճակը` դատարկված գյուղեր, լավագույն դեպքում՝ բնակեցված միայն կանանցով եւ տարեցներով:
«ՄԱՍԱՄԲ ԱԶԱՏ» ԶԵԿՈՒՅՑ
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը նախօրեին հրապարակել է «Մամուլի ազատություն-2015» տարեկան հաշվետվությունը, որում ներկայացված է աշխարհի 199 երկրների լրատվամիջոցների ազատության վարկանիշը։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանը 135-րդ տեղում է հենց մասամբ ազատ եւ անազատ մամուլի սահմանագծում, թեեւ դասված է անազատ երկրների շարքին:
Ու թեեւ զեկույցում նշված է, որ Հայաստանի լրատվամիջոցներն ավելի ազատ են, քան Թուրքիայինը կամ Մեքսիկայինը, եւ անհամեմատ ավելի ազատ են, քան Ադրբեջանի կամ Ռուսաստանի լրատվամիջոցները, այնուհանդերձ, տեսանելի է, որ Freedom House-ի զեկույցը կրում է որոշակի քաղաքական ազդեցություններ: Իհարկե, Հայաստանի լրատվամիջոցների ազատության հետ կապված զեկույցում առկա դիտարկումները միանգամայն համարժեք են եւ տեղին, սակայն հարց է, թե որքանով է ներկայացված ցուցանիշը անաչառ` ի համեմատ, օրինակ, մեր հարեւան Վրաստանի, որին վերապահված է տարածաշրջանում միակ «մասամբ ազատ» երկիրը լինելու պատիվը:
Եթե ազատության մակարդակը դիտարկում ենք բացառապես տվյալ երկրի իշխանություններին քննադատելու հնարավորության տեսանկյունից, ապա, ինչ խոսք, Վրաստանում վիճակը տեսանելիորեն բարվոք է, հատկապես հեռուստատեսային դաշտում: Սակայն եթե մենք փորձենք այդ երկրի «մասամբ ազատ» մեդիայում փնտրել, օրինակ, վրաց եկեղեցու քննադատության կամ ազգային փոքրամասնությունների շահերի ոտնահարման թեմաներով հրապարակումներ, ապա կտեսնենք, որ դրանք այնքան սակավաթիվ են եւ լղոզված, որ հավասարազոր են չլինելուն: Գաղտնիք չէ, որ երբ Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք, ի դեպ, այդ երկրի օրինապահ քաղաքացիներ են, փորձում են իրենց իրավունքների ոտնահարման հարցը բարձրացնել վրաց մամուլում, լավագույն դեպքում բախվում են քողարկված, սակայն ամուր պատնեշի, իսկ առավել հաճախ` արժանանում «սեպարատիստներ» պիտակին նույն այդ ազատ մամուլի կողմից:
Որքան էլ քննադատենք ՀՀ իշխանություններին մամուլը վերահսկելու հաջողված եւ անհաջող փորձերի համար, այդուհանդերձ, դժվար է համաձայնել, որ Հայաստանի եւ Վրաստանի մեդիադաշտի ազատությունների միջեւ տարբերությունն այդքան մեծ է` մենք 135-րդ տեղում ենք, Վրաստանը` 93-րդ:
Եվ կամ, որքանով է օբյեկտիվ Ռուսաստանի եւ Ադրբեջանի լրատվամիջոցների ազատության գնահատականների այդքան փոքր տարբերությունը` համապատասխանաբար 180-րդ եւ 188-րդ: Ինչ խոսք, երկու երկրներն էլ մամուլի ազատության տեսանկյունից գտնվում են անմխիթար վիճակում, սակայն, այդուհանդերձ, տարբերությունը հսկայական է` հօգուտ Ռուսաստանի: Եվ արձանագրելով այլ պատկեր` զեկույցը հեղինակած կազմակերպությունը պարզապես ի ցույց է դնում իր քաղաքական համակրանքներն ու շահագրգռությունները, ինչը, բնականաբար, որոշակիորեն արժեզրկում է նման զեկույցների նշանակությունը: