Հայ-թուրքական սահմանին անցյալ հանգստյան օրերին ձերբակալվել է մեկ սահմանախախտ եւ կովերի նախիր։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության մամուլի ծառայությունը, Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության պատասխանատվության տակ գտնվող տեղամասի պետական սահմանը պաշտպանելու գործում ռուս սահմանապահներին օգնություն են ցուցաբերում սահմանամերձ շրջանների բնակիչները։
«Նրանց ուշադրության շնորհիվ սահմանապահները ձերբակալում են պետական սահմանը խախտողներին։ Այսպես՝ անցյալ հանգստյան օրերին Բաղրամյան բնակավայրի բնակիչներից մեկը տեղեկություն էր հաղորդել, որ Թուրքիայի Հանրապետության սահմանից Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվում խոշոր եղջերավոր անասնախումբ։ Մի քանի րոպե անց սահմանապահների խումբը հայտնաբերել է Հայաստանի տարածքում արածող 12 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Որոնողական աշխատանքների արդյունքում թփերում հայտնաբերվել է մեկ սահմանախախտ, որը, ինչպես պարզվել է, Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Վ.-ն է՝ ծնված 1999թ. Ռամազանկերտ գյուղում։
Նրա խոսքով՝ ինքը ապօրինի կերպով հատել է սահմանը, որպեսզի Թուրքիա վերադարձնի անասուններին, որոնք պատահաբար անցել են Հայաստանի սահմանը»։
ՀՀ գործող օրենսդրության եւ միջազգային համաձայնագրերին համապատասխան՝ պետական սահմանը հատած անչափահաս քաղաքացին եւ 12 գլուխ անասունները Հայաստանի իրավապահ մարմինների որոշմամբ՝ համապատասխան ակտով հանձնվել են թուրքական կողմին։
Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչությունը իր երախտագիտությունն է հայտնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, որոնք ակտիվորեն օգնում են սահմանապահներին պետական սահմանը պաշտպանելու գործում»,- ասված է հայտարարության մեջ։