Ավարտվում է 60.6 մլն եվրո արժողությամբ ծրագրի` «Բավրա» անցակետի արդիականացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանային «Բավրա» անցակետի արդիականացումը մոտենում է ավարտին

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ Հայաստանի հյուսիսի սահմանային անցակետերի արդականացման գործընթացը մոտենում է ավարտին: 60.6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ «ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակում ընդգրկված է նաև Շիրակի տարածաշրջանային մաքսատան կազմում գործող «Բավրա» մաքսակետը:

Մեկ տարի առաջ այստեղ նոր շենքերի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն 12 հա հողատարածքում շինարարական եռուն շրջանն է. մանրակերտում նախագծվածը փուլ առ փուլ իրականացվում է: Նոր անցակետի առանձնահատկությունն, ըստ Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կարեն Մանուկյանի, այն է, որ սահմանային ծառայություն իրականացնող բոլոր կառույցները կգործեն մեկ հարկի տակ. «Նոր սահմանային կետը կունենա առանձնացված մասնագիտացված տարածքներ` մանրակրկիտ զննման, լաբորատոր ստուգման, ֆիտոսանիտարական և այլ ծառայությունների համար:

2016-ին Բավրան կկարողանա ընդունել օրը 200 և ավելի ավտոմեքենա` առանց հերթերի գոյացման»: Նոր ուղիներ նաև Բավրայի անցակետում` մուտքի և ելքի համար, արդյունքը` առավել սահուն սահմանահատում` առանց հերթերի: Վրաստանից` Բավրա եկող քաղաքացին ընդամենը 5 րոպե կծախսի փաստաթղթերի ձևակերպման վրա: «Բավրայի անցակետում կառուցվելու է մուտքի և ելքի համար նախատեսված 4-ական ուղի` բեռնատար և մարդատար ավտոմեքենաների համար, ինչը, միանշանակ կնպաստի սահուն սահմանահատման կազմակերպմանը»,-տեղեկացրել է Կարեն Մանուկյանը:

Ի դեպ, տարածքային առանձնահատկություններով պայմանավորված, ապրիլին անգամ եղանակային անակնկալները չեն խոչընդոտում շինարարական ընթացքին. Շիրակի մաքսատան ղեկավարությունը մշտապես հետևում է գործընթացին: Բավրայի նոր անցակետը շահագործման կհանձնվի նախատեսված ժամանակահատվածում` 2016 թվականին, վստահեցնում են շինարարները.

«Անգամ ներկա ծանրաբեռնվածության պայմաններում մաքսատունը կարողանում է ապահովել որակյալ սպասարկում` առանց հերթերի և կուտակումների: Բեռն ինքնուրույն հենց Բավրայի մաքսակետում կարելի է հայտարարագրել կամ օգտվել բրոքերի ծառայությունից»: Իսկ 2016-ին արդեն Շիրակի մաքսատունը սահմանը հատողներին կդիմավորի նոր որակով ու դեմքով` ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկում:




Լրահոս