ՉՆՉԻՆ ՏՈՒԳԱՆՔ` ԱՀՌԵԼԻ ՎՆԱՍԻ ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի շուրջ կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ»-ը արդեն տեղեկացրել է, որ բնապահպանության նախարարությունը ստուգումներ է իրականացնում «Ախթալայի ԼՀԿ»-ում: Երեկ «Ժողովուրդ»-ը բնապահպանության նախարարությունից տեղեկացավ, որ ստուգումների արդյունքում լուրջ խախտումներ են արձանագրվել, ինչի համար էլ «Ախթալայի ԼՀԿ»-ն տուգանվել է:

Հիշեցնենք, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը դեռեւս 2013 եւ 2014 թվականներին է ստուգումներ իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում: Դրանց արդյունքում արձանագրվել են ընդերքօգտագործման ոլորտի եւ պայմանագրային պարտավորությունների կատարման որոշ խախտումներ, որոնցից մի մասն արձանագրվել է նաեւ 2013 թվականին իրականացված ստուգման ժամանակ: Խախտումների մի մասի վերաբերյալ ընկերությունը ներկայացրել էր առարկություններ եւ բացատրություններ, իսկ որոշների մասով էլ հայտնել էր, որ դրանց վերացման ուղղությամբ իրականացվող միջոցառումները գտնվում են ընթացքում: ԲՆ աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կողմից ընկերությանը տրվել էր հանձնարարական ծանուցում՝ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Տեղեկացնենք, որ «Ախթալայի ԼՀԿ»-ն ընդգրկված է նաեւ այս տարի ընդերքի պետական տեսչության կողմից ստուգման ենթակա ընկերությունների ցանկում, եւ առաջիկա ստուգումների արդյունքում հնարավոր կլինի պարզել, թե որքանով են նախորդ տարի տրված հանձնարարականների ուղղությամբ ընկերության կողմից իրականացված միջոցառումները բավարար:
Իսկ մինչ այդ արձանագրենք, որ երկու տարի անընդմեջ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ստուգումներ է իրականացրել «Ախթալայի ԼՀԿ»-ում, սակայն չնայած հայտնաբերված խախտումներին` ընկերությունը ո՛չ տուգանվել է, ո՛չ էլ պատժվել: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե ինչու նախարարությունը երկու տարի ստուգելուց եւ խախտումներ հայտնաբերելուց հետո չի տուգանել ընկերությանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը պատասխանեց. «Ե՛ւ կտուգանենք, ե՛ւ կպատժենք»:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ բացի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունից՝ վերը նշված ընկերությունում իր հերթին ստուգումներ է իրականացրել նաեւ բնապահպանության նախարարությունը: Նշենք, որ ստուգումների արդյունքում ԲՆ-ն բավականին լուրջ խախտումներ է հայտնաբերել, սակայն չգիտես թե ինչու՝ բավարարվել է չնչին չափի տուգանքով:
ՀՀ բնապահպանության նախարարությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը ստուգել է «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքը: Արձանագրվել են բնապահպանական օրենսդրության մի շարք խախտումներ, ինչի համար գլխավոր տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքի՝ 300 հազար դրամի չափով, իսկ շրջակա միջավայրի աղտոտման եւ տրված չափաքանակից ավելի ջրային ռեսուրսների օգտագործման համար կազմվել է 5.19 մլն դրամի վնասի վերականգման ակտ: Միաժամանակ ընկերությանը տրվել է սեղմ ժամկետում շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման բնապահպանական միջոցառումների ծրագրի մշակման հանձնարարական: Այսինքն՝ ԲՆ-ն բավարարվել է օրինախախտ ընկերությանը միայն 300 հազար դրամի չափով վարչական տուգանք նշանակելով եւ պարտադրել բնությանը պատճառված 5.19 մլն դրամի վնասը վերականգնել:
Տեղեկացնենք, որ վերջին երկու տարիներին «Ախթալայի ԼՀԿ»-ն գտնվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի վերահսկողության ներքո: Մաքսիմ Հակոբյանը ՀՀ իշխանություններին հարազատ մարդ է: Հավանաբար սա է պատճառը, որ խախտումները տուգանքների չեն վերածվում, այլ մնում են օդում կախված կամ էլ ստուգող մարմինները բավարարվում են ձեւական տուգանքով, որը ոչինչ չի փոխում:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

 
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՆ ԿԹԱՆԿԱՆԱ
Էլեկտրաէներգիայի սակագնի` նախորդ տարվա 8 դրամով թանկացումը դեռ չմարսած, առաջիկայում սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ սպառողներին սպասվում է սակագնի նոր բարձրացում:
Երեկ Ազգային ժողովում ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրեց 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «ՀՀ եւ ՌԴ կառավարության միջեւ հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: Նրա խոսքերով, եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ապա ԱԷԿ-ը մինչեւ 2026 թվականը կստանա շահագործման լիցենզիա:
Փոխնախարար Գալստյանը հայտարարեց նաեւ, որ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքը կազմակերպելու համար անհրաժեշտ է եղել լրացուցիչ ռեսուրս վերցնել ՌԴ կառավարությունից, որը կիրացվի երկու էտապով, եւ աշխատանքների ավարտից հետո 10 տարով էներգաբլոկը լրացուցիչ կաշխատի: «Դրա համար նախնական գնահատականով անհրաժեշտ է եղել մինչեւ 270 մլն դոլար, իսկ 30 մլն դոլարը, որպես դրամաշնորհ, ռուսական կողմն է տրամադրելու»,- լրացրեց փոխնախարարը:
Իսկ ինչ վերաբերում է պարտադրված կանգի արդյունքում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը, ապա փոխնախարարը հայտնեց, որ ամեն տարի 45 օրով էներգաբլոկը տեխնիկական հարցերի համար պարտադիր կանգնեցվում է: Եւ յուրաքանչյուր չորրորդ տարին մեկ այդ ժամկետը մի քիչ ավելանում է: Գալստյանը վստահեցրեց, որ դա սակագնի վրա լրացուցիչ բեռ չի ավելացնի:
«Սակագնի վրա լրացուցիչ բեռ կնստի միայն վարկային ռեսուրսները վերցնելն ու դրանք մարելը: Խոսքը 1 Կվտ/ժ դիմաց 2.5 դրամի մասին է»,- ավելացրեց փոխնախարարը:
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ առաջիկայում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն դիմելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Ըստ այդ տեղեկությունների՝ ՀԾԿՀ-ն էլէներգիան 6 դրամով կթանկացնի: Դրա հետեւանքով ներկայում գործող սակագինը (ցերեկայինը) 42 դրամից կդառնա 47-49 դրամ: Էլեներգիան վեց դրամով թանկացնելու մասին տեղեկությունները չհերքեցին անգամ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ու ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Փոխարենը նրանք սկսեցին յուրովի պատճառաբանել էլեներգիայի հնարավոր թանկացումը: Եթե այս տեղեկությունն իրականություն դառնա, ապա առաջիկայում էլեներգիան կթանկանա 8.5 դրամով:
«Ժողովուրդ»-ը «ՀԷՑ»-ից հետաքրքրվեց, թե երբ է ընկերությունը դիմելու ՀԾԿՀ՝ էլեներգիայի սակագինը բարձրացնելու հայտով: Ի պատասխան՝ հայտնեցին, որ այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց առաջիկայում ընկերությունը կդիմի ՀԾԿՀ: Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ տարի գազի սակագնի թանկացումից հետո էլեկտրաէներգիայի գինը 8 դրամով բարձրացավ:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 
ԲՆԱԿԱՐԱՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ՞
Արդեն տեղեկացրել ենք, որ ապրիլի 22-ին Գյումրու Վ. Սարգսյան փողոցում տեղակայված երկու տնակներ հրդեհից ամբողջությամբ այրվել էին: Այդ տնակների բնակիչները` միայնակ թոշակառու Մարուսյա Թադեւոսյանը եւ Էլմիրա Մադոյանն իր դստեր հետ, դրսում են հայտնվել: Նրանց առայժմ օգնության ձեռք են մեկնում հարեւաններն ու բարեկամները՝ ժամանակավոր ապաստան տրամադրելով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դրսում հայտնված երեք կանանց բնակարանով ապահովելու հարցի քննարկման նպատակով ապրիլի 27-ին նրանց ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նրա հանձնարարականով կատարվում են ուսումնասիրություններ, որոնցից հետո կհստակեցվի, թե ինչպիսին կլինի աջակցությունը: Տեղեկացանք նաեւ, որ ապրիլի 30-ին կայանալիք ավագանու նիստի օրակարգում քննարկվելու է Մադոյաններին եւ Թադեւոսյաններին հատկացվող ֆինանսական աջակցության չափը:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի




Լրահոս