«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի առաջիկա Մոսկվա կատարելիք այցի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 9-ից 10-ը, ՌԴ մայրաքաղաքում նախատեսվում է նախաստորագրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության բաժնետոմսերը` ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերությանը վաճառելու մասին պայմանագիրը: Սակայն գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի ամռան երկրորդ կեսից ոչ շուտ: Բանն այն է, որ ՀԷՑ-ի նոր սեփականատերը ցանկանում է, որ ինքը կապ չունենա էլէներգիայի սակագնի բարձրացման հետ, եւ հանրության մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, որ նոր սեփականատերը եկավ եւ թանկացրեց «լույսի գինը»: Այսինքն՝ գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի եւ այն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի, երբ արդեն էլէներգիայի նոր սակագները կիրառության մեջ մտած կլինեն:
Բավական երկար ժամանակ է, ինչ համառ լուրեր են շրջանառվում ՀՀԿ-ի ՀՅԴ-ի կոալիցիա կազմելու հնարավորության մասին: Կողմերն իրենք եւս նման հնարավորությունն առանձնապես չեն հերքում: Իսկ ժամանակն անցնում է, բայց կոալիցիան չի կայանում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ կոալիցիայի չկայացման պատճառը ՀՅԴ-ին տրվելիք նախարարական պորտֆելների շուրջ տարաձայնություններն են: ՀՀԿ-ն պատրաստ է ապագա կոալիցիոն գործընկերոջը տալ գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնները: Սակայն ՀՅԴ-ն համարում է, որ այդ պորտֆելներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, եւ ուրիշ պաշտոններ է ցանկանում ստանալ: Մասնավորապես, ՀՅԴ-ն ցանկանում է ստանալ էներգետիկայի եւ բնական պաշարների, էկոնոմիկայի ու տրանսպորտի եւ կապի նախարարների պաշտոնները: Ավելին, ըստ լուրերի, առաջին երկու պորտֆելների մասով ՀՀԿ-ն, կարծես թե, արդեն իսկ համաձայնել է, չլուծված է մնում միայն տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնի հարցը:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, գերադասելով նախարարի աթոռը, այժմ արդեն հրաժարվում է, որ երբեւէ կապ է ունեցել ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հետ: Մինչդեռ նա մինչեւ նախարար նշանակվելը, վերջին չորս տարում աշխատել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեում, այսինքն՝ եղել է Գագիկ Ծառուկյանի ենթական, քանի որ նա է այդ մարմնի նախագահը: «Ժողովուրդ»-ը երեկ նախարարից փորձել է պարզել, թե Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալուց հետո ինչու հրաժարական չի ներկայացրել, քանի որ համընդհանուր ընկալում կա, որ Ղազարյանն այդ պաշտոնում նշանակվել է որպես ԲՀԿ եւ հատկապես Գագիկ Ծառուկյանի վստահությունը վայելող անձ, եւ հենց վերջինս է նրա թեկնածությունն առաջարկել նախարարի պաշտոնում: Սակայն Ղազարյանը կտրականապես հերքեց առնչությունն իր քաղաքական ծնողի՝ Ծառուկյանի հետ. «Դուք չարաչար սխալվում եք, ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, եւ որոշումը կայացրել է երկրի նախագահը, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Ղազարյանը:
Այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով, որոնք ՀՀ կենտրոնական բանկը երեկ է հրապարակել, ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով Հայաստան փոխանցվող գումարների զուտ ներհոսքը, անցած տարվա համեմատ, նվազել է 51 տոկոսով: Մասնավորապես, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստան եկած տրանսֆերտների զուտ ներհոսքը` ՀՀ փոխանցված եւ ՀՀ-ից արտերկիր փոխանցված գումարների դրական տարբերությունը, կազմել է 217 մլն 340 հազ. դոլար: Այս տարի այդ ցուցանիշը կազմել է 106 մլն 803 հազ. դոլար, անկումը կազմել է 110 մլն 537 հազ. դոլար: Ի դեպ, այս տարվա հատկապես առաջին երկու ամիսներին տրանսֆերտների անկումը շատ կտրուկ է եղել` մոտ 60 տոկոս, սակայն մարտին իրավիճակը մի փոքր փոխվել է: Մարտի զուտ ներհոսքը կազմել է 51 մլն 240 հազար դոլար, անցած տարվա 80 մլն 766 հազ. դոլարի դիմաց: Այսինքն՝ անկումը կազմել է 36,5 տոկոս: Եթե առաջին եռամսյակում արձանագրված միտումները պահպանվեն, ապա տարվա կտրվածքով անկումը կկազմի 800 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար:
ԵԿԵՂԵՑԱՀԱԼԱԾ
Երեւանի կենտրոնում կառուցված Սուրբ Աննա եկեղեցու եւ կաթողիկոսի երեւանյան նստավայրի հովանավոր, ԱՄՆ-ում բնակվող Հրայր Հովնանյանը երեկ եկեղեցու օծման արարողության ժամանակ ասել է, որ իր համար ավելի կարեւոր է աշխատատեղերի, գործարանների կառուցումը, քան եկեղեցու: «Էջմիածինն է առաջարկել այս միտքը` եկեղեցի եւ նստավայր կառուցել, ես ալ կամավոր համաձայնել եմ»: Պատասխանելով Armlur.am-ի հարցին, եթե առաջարկեին կառուցել գործարաններ կամ ստեղծել այլ աշխատատեղեր, կանեի՞ք, բարերարը ասել է. «Ինձ համար ավելի կարեւոր է գործարանների կառուցումը, քան այս»:
Հայազգի բարերարի այս անկեղծ խոստովանությունը ի ցույց է դնում այն մտածողությունը, որն առկա է ՀՀ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների մոտ` սփյուռքի ռեսուրսներն ի օգուտ ժողովրդի ծառայեցնելու հարցում: Ստացվում է, որ մեր իշխանությունները (մեր իրականությունում, թերեւս, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության տարանջատումը պայմանական է) շատ ավելի կարեւոր են համարել, որ ամենայն հայոց կաթողիկոսը Երեւանի կենտրոնում շքեղ նստավայր ունենա, քան թե այդ նպատակով ծախսվելիք հսկայական ֆինանսական միջոցներով որեւէ արտադրություն հիմնվի, որը աշխատատեղեր կստեղծեր եւ որոշ չափով կնպաստեր աղքատության կրճատմանը: Եվ այս մեկ մասնավոր օրինակով կարելի է առանց սխալվելու մտավախության ընդհանրական գնահատական տալ սփյուռքի մեր մեծահարուստ հայրենակիցների հետ ՀՀ իշխանությունների հարաբերվելու որակին:
Չի բացառվում, որ այստեղ անգամ չեն էլ մտածել, որ դրսի որեւէ հայ մեծահարուստ պատրաստ է Հայաստանում բարեգործական հիմունքերով գործարան կառուցել, քանի որ իրենք, չլինելով պակաս մեծահարուստ, երբեւէ նման բան մտքներով չեն էլ անցկացրել: Առավելագույնը, որ հայրենի օլիգարխներից եւ պաշտոնյաներից ոմանք անում են, շքեղ եկեղեցիներ կառուցելն է, որոնք երբեմն կոչում են սեփական անուններով (ինչպես, օրինակ, Հովիկ Աբրահամյանը` Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցու դեպքում), երբեմն էլ ավելի հեռուն են գնում` եկեղեցու որմնանկարների վրա սրբերի շարքում սեփական պատկերը ներկայացնելով (ինչպես դա եղավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կառուցած, դարձյալ իր անվամբ` Սբ. Հովհաննես եկեղեցում):
Եվ, փաստորեն, սփյուռքահայ միլիոնատերերին էլ սեփական արշինով չափելով` մեր իշխանությունները որոշել են, որ եկեղեցի կառուցել տալուց ավելի հարմար տարբերակ չկա, հատկապես որ Կաթողիկոսը առաջարկել է այն կոչել Հ. Հովնանյանի կնոջ` Աննայի անունով` հաշվի չառնելով, որ Սբ. Աննան հայ առաքելական եկեղեցու համար օտար սուրբ է:
Այս ամենը շատ տխուր է՝ հատկապես աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին ի ցույց դրված հայ ազգային դղրդացնող ուժի ֆոնին: Տխուր է, երբ մենք այդքան հզոր ենք, սակայն այսքան աղքատ` ընչաքաղց այս իշխանությունների լծի տակ: