ՀՅԴ-Ն ԱՅԴՔԱՆ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչեւ մայիսի 5-ը խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը պետք է առաջարկներ ներկայացնեն սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին: Մինչ օրս, սակայն, խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է ներկայացրել իր առաջարկությունները, իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցությունն էլ հայտարարել է, որ իրենք այդ գործընթացում որեւէ մասնակցություն չեն ունենալու:

Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք մինչեւ այժմ սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքները համահունչ են ՀՅԴ-ի մոտեցումներին:
-Պարո՛ն Մինասյան, սահմանադրական բարեփոխումների գործընթացը ի՞նչ փուլում է, կարծես թե խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերը չեն շտապում իրենց դիրքորոշումն ու առաջարկությունները ներկայացնել մասնագիտական հանձնաժողովին, մինչդեռ ՀՅԴ-ն բավական ակտիվ է այդ հարցում:
-Մեր առաջարկությունները ներկայացված են, հրապարակված են, անգամ քննարկումների որոշակի փուլ ենք մենք անցել: Կա փոխադարձ ըմբռնում եւ ընկալում՝ մեր առաջարկությունների հետ կապված: Ե՛ւ մասնագիտական հանձնաժողովը, ե՛ւ հանրապետության նախագահը մեր քննարկումների արդյունքներում ասում են, որ իրենց համար ընդունելի է: Այլ բան է, որ կարող ենք խոսել մանրամասնությունների եւ փուլերի վերաբերյալ, դա այլ հարց է:
-Իսկ այդ մանրամասների հետ կապված քննարկումները ո՞ր փուլում են, արդյո՞ք ունեք կոնկրետ պայմանավորվածություններ:
-Մեր քննարկումները հասել են այն կետին, որ մասնագիտական հանձնաժողովը աշխատում է ոչ միայն հայեցակարգով, այլ նաեւ այդ հայեցակարգին տրված ՀՅԴ-ի առաջարկներով: Այլ կերպ ասած՝ հասել ենք այդ մակարդակին, որ սահմանադրական փոփոխությունների տեքստերը պատրաստելիս անպայման պետք է հաշվի առնվեն նաեւ մեր առաջարկները: Մեր գնահատականները արդեն բուն տեքստերի վերաբերյալ կլինեն, երբ դրանք մեզ կներկայացվեն: Այլ քաղաքական ուժերի կողմից, անկեղծորեն եմ ասում, ես չեմ տեսել կամ լսել առաջարկություններ սահմանադրական փոփոխությունների բովանդակության վերաբերյալ: Դրա անհրաժեշտության կամ հակառակի մասին քաղաքական հայտարարություններ եղել են, բայց այդ հայտարարությունները, իմ գնահատմամբ, համենայնդեպս այս պահին մասնագիտական քննադատության չեն ենթարկվում: Մի բան է քաղաքական հայտարարությունը, այլ բան է այդ հայտարարության ներքո դրվող մասնագիտական հիմնավորումը, որը ես անկեղծորեն չեմ տեսել:
-Ըստ ընդդիմադիր որոշ ուժերի` իրենց ներկայացրած առաջարկությունները իշխանությունները մերժել են, դրա համար էլ իրենք չեն ցանկանում մասնակից լինել գործընթացին:
-Նորից եմ կրկնում, որ իրենց հայտարարությունները եղել են քաղաքական բնույթի, որ անհրաժեշտ է կամ անհրաժեշտ չէ, կամ սահմանադրական փոփոխությունները պետք չեն, որովհետեւ երկրում կան այլ խնդիրներ: Դրանք քաղաքական հայտարարություններ են, դրանք մասնագիտական գնահատականներ չեն, ես ակնկալում եմ մասնագիտական գնահատականներ, որպեսզի կարողանամ համարժեք արձագանքել: Իսկ քաղաքական հայտարարություններին մեր պատասխանը եղել է ու պահպանվում է՝ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են օդ ու ջրի պես, կառավարման համակարգի հիմնական փոփոխությունները կարող են բերել արմատական վերանայումների, այդ թվում նաեւ իշխանափոխություն իրականացնելու համար իրական հնարավորություններ ստեղծելու ճանապարհով: Այլ բան, որ համակարգային փոփոխություններ հասկացությունը տարբեր քաղաքական ուժեր տարբեր կերպ են ներկայացնում: Մենք համարում ենք, որ պետք է փոխվի թե՛ իշխանության կազմավորման մեխանիզմը եւ թե՛ իշխանություն կազմավորող անձինք: Բայց անձանց փոփոխությունը պետք է բերի մեխանիզմի գործադրման, այլ ոչ թե այս կամ այն անձի կամ խմբի ցանկության:
-Կարելի՞ է արձանագրել, որ մինչեւ այժմ սահմանադրական բարեփոխումների գործընթացը տարվում է ՀՅԴ-ի «սրտով»:
-Հայեցակարգի մակարդակով ու մեր առաջարկությունները ներառելու տեսակետից այս պահին՝ այո՛: Սակայն բովանդակային թե տեքստերը ինչ ձեւ կունենան, ինչ դրույթներ կպարունակեն, սա դեռ ապագայում գնահատելու հարց է: Մենք չպետք է մոռանանք, որ սահմանադրական փոփոխություններին պետք է նախորդի հանրաքվեի մասին օրենքի փոփոխություն, որպեսզի հնարավորինս ապահովվի հանրաքվեի արդյունքների նկատմամբ վստահություն, այդ իսկ պատճառով մենք նաեւ շրջանառության մեջ ենք դրել հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների մի նախագիծ:
-Պարո՛ն Մինասյան, նշվում է, որ իշխանություններն ընդունում են ՀՅԴ-ի ցանկացած առաջարկություն, քանի որ ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կոալիցիա են կազմելու: Արդյո՞ք դա է պատճառը, որ իշխանությունները Ձեր նկատմամբ այդքան բարեհաճ են:
-Այն ժամանակ, երբ մենք իշխանություն չենք եղել նորից պնդել ենք սահմանադրական փոփոխությունները՝ կառավարման ձեւի փոփոխությունը, ու նույն խորքային պահանջները դրել ենք: Եղել ենք կոալիցիայի մեջ, նույն պահանջները պահել ենք, դուրս ենք եկել, նույն պահանջները պահպանել ենք: Հիմա, երբ մենք իշխանություն չենք, առաջադրում ենք նույն պահանջները: Եթե համագործակցության առաջարկ եղավ՝ երկկողմանի համաձայնություն, դրա մասին այդքան տղամարդկություն ունենք, որ հայտարարենք, որեւէ մեկի բաժակ նայելու ցանկությանը կամ կանխատեսումներին մենք չենք սպասում, որովհետեւ մենք դուրս ենք գալիս մեր երկրի ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծելու հրամայականից: Եթե մենք կարող ենք այդ հարցում օգնել, եթե անհրաժեշտ է, ուրեմն պետք է մտնենք իշխանություն ու իրականացնենք այդ գործողությունները: Եթե մենք կտեսնենք, որ այդ գործողությունները կարող ենք իրականացնել ընդդիմադիր դաշտում, ուրեմն ընդդիմադիր դաշտում կգտնվենք:

 

 

 

«ԴԵ, ԱՐԻ ՈՒ ՄԻ ԱՍԱ` ԻՅԱ, ԻՐՈ՞Ք»

Երեկ խորհրդարանում շարունակվեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի քննարկումը: Այն հարուցել էր ԱԺ ընդդիմադիր պատգամավորների զայրույթը, որոնք իշխանության ներկայացուցիչներին հիշեցնում էին նրանց գործած սխալները:

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը իր ելույթի ժամանակ խոսեց գազի չհիմնավորված բարձր գնի մասին. «Ուկրաինան մինչեւ 200 խմ գազ վառողին երկու անգամ ավելի էժան է գազ վաճառում, քան դրանից ավելի վառողին: Ճկուն քաղաքականություն է վարում: Այսինքն՝ աղքատը կարողանում է վառել, վճարել եւ դառնալ հաճախորդ, սպառող: Մեր էներգետիկ համակարգում բացարձակ չկա ռազմավարություն: Թանկացնում են՝ կորցնելով սպառողին: Վերջ, սա է ամբողջ հեքիաթը էներգետիկ համակարգի: Ռազմավարություն գոյություն չունի: Թանկացման մոլուցքը կործանելու է ամբողջ համակարգը: Տարեկան 50 հազար մարդ հրաժարվում է գազ վառելուց: Տարեկան 17 հազար ընտանիք: Սա՞ է մեր խնդիրը: Այս ձեւով աշխատելով՝ գազի համակարգը, էներգետիկ համակարգը ձեռքից կգնա, կպայթի: Չի կարող լինել համակարգ՝ առանց սպառողի»:
Մանուկյանն անդրադարձավ նաեւ ՀԷՑ-ի խնդիրներին` նկատելով, որ ՀԷՑ-ը հայտարարում է, թե վնասով է աշխատում, բայց դրան զուգահեռ բարեգործություն է անում. «Այ քեզ բա՜ն, հարսով փեսի՞ն ես լավություն անում, համակարգը պահի: Սնանկով նստելու ես մեր քաղաքացու ուսերին, ասես՝ ինձ էժան վաճառե՞ք, սա՞ է ձեր ռազմավարությունը: Նույնն էլ ատոմակայանի հետ է կապված: Ծրագիր չկա: Բա ՋԷԿ էիք սարքելու, ո՞ւր է այդ ծրագիրը: Սերժ Սարգսյանի հայտարարությունը եղավ՝ 2018-ին 2-րդ բլոկն աշխատելու էր: Դե, արի մի ասա՝ իյա, իրո՞ք, ո՞ւր է բա: 5 մլրդ դոլարի ծրագիր է բլոկի կառուցումը, ունե՞ք ֆինանսական ռեսուրս, չունեք, ո՞վ է պարտք տալու, չեն տալու»: Պատգամավորը այն աստիճանի էր վրդովվել, որ ելույթի վերջում նշեց.«Ժողովուրդ, իրոք, ներվեր է պետք՝ դիմանալու համար»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանին որոշել էր «դասեր» տալ՝ կապված Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին համաձայնագրի հետ. «Սխալ է գալ ու ասել՝ մեզ մոտավորապես 270 մլն դոլար է պետք: Մի հատ ճշտեիք՝ ինչքան է պետք, նոր գայիք, ասեիք: Չեմ կարծում՝ սա ճիշտ ձեւ է: Ամեն տարի բյուջեի հետ միասին մենք պետք է արտաքին եւ ներքին պարտքի առաստաղի թվերը հաստատենք, որ ԱԺ-ն իմանա՝ ինչ շրջանակի մեջ է: Մենք չգիտենք՝ այս տարի ինչ ենք փակելու»: Բագրատյանն անդրադարձավ 1989-ին ատոմակայանը փակելու դրդապատճառներին եւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք իր հետ միասին ստորագրեցին վերաշահագործման փաստաթղթի տակ եւ ներդրում ունեցան այդ գործում:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

ՔԻՉ ԲԵՐԵՔ
«Ժողովուրդ»-ը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչներից ահազանգ ստացավ այն մասին, որ երբ նրանք սովորականի պես փորձել են Վրաստանից ավելի քան 100 կգ նարինջ բերել Հայաստան, Բագրատաշենի անցակետում նրանց տեղեկացրել են, որ պետք է մաքսազերծեն նարինջը` վճարելով մեկ կիլոգրամի համար 5 դոլար: Ըստ ահազանգողների՝ փաստի առաջ հայտնվելուց հետո իրենք ստիպված վճարել են պահանջված գումարը եւ փաստացի մեծ վնասներ կրել: Մարդիկ ստիպված են եղել իրենք իրենց խոստանալ, որ այլեւս Վրաստանից նարինջ չեն բերի: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ ֆինանսների նախարարություն, որտեղից հետեւյալ պատասխանը ստացանք. «Համաձայն «Մաքսային միության մաքսային սահմանով ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների տեղափոխման եւ դրանց բացթողման հետ կապված մաքսային գործառնություններ իրականացնելու կարգի մասին» համաձայնագրի 5-րդ հավելվածի` ֆիզիկական անձը ուղեկցվող եւ չուղեկցվող ուղեբեռով անձնական օգտագործման ապրանքներ ներմուծելիս վճարում է դրանց մաքսային արժեքի 30 տոկոս միասնական դրույքաչափով, սակայն ոչ պակաս քան 4 եվրո 1 կգ քաշի դիմաց 50 կգ քաշային նորմը կամ 1500 եվրոյին համարժեք գումարի արժեքային նորմը գերազանցելու մասով»:

 

ՀԵՏՈ ԿԱՍԻ
Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար բաց մրցույթը կանցկացվի այս տարվա հունիսի 19-ին: Հոգաբարձուների խորհրդի քարտուղարին հանձնարարվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով սահմանված կարգով եւ ժամկետներում ապահովել մրցույթի անցկացման մասին հայտարարության հրապարակման, թեկնածուների հայտերի եւ անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը: «Ժողովուրդ»-ը ԵՊՀ-ի գործող ռեկտոր Արամ Սիմոնյանից հետաքրքրվեց՝ նա մտադի՞ր է իր թեկնածությունն առաջադրել, թե՞ ոչ: «Երբ կլինի պաշտոնական հայտարարություն, այն ժամանակ Դուք կիմանաք իմ որոշման մասին»: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն ապրիլի 29-ին այցելել էր Երեւանի պետական համալսարան եւ մասնակցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի՝ 2015 թվականի անդրանիկ նիստին: Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվել է Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

 

ՆՎԵՐ ՓՈՂԵՐԸ
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով հայտնի է որպես Դերժավայի Արկադ, 2014 թ.-ի համար հայտարարագրել է 1 մլրդ 127 մլն 423 հազար դրամի փոխառություն, այսինքն՝ ուրիշին պարտքով տրված գումար: Նրա դրամական միջոցները կազմել են 3 մլն 931 հազար դրամ: Անցած տարի նրա եկամուտները կազմել են 792 մլն 597 հազար դրամ, որից նրա պատգամավորական աշխատավարձը կազմել է 5 մլն 896 հազար դրամը: Իսկ 783 մլն 500 հազար նա ստացել է որպես նվիրատվություն: 3 մլն 201 հազար դրամի եկամուտն էլ հայտարարագրել է որպես ինչ-որ տարածքի վարձավճար:




Լրահոս