«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը հրաժարվեց ընդունել իր առնչությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ. «Այո՛, հրաժարվում եմ, չեմ էլ ունեցել»:
Ոչ ոքի գաղտնիչ չէ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ վստահվել է ԲՀԿ-ին: Ավելին՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահն էլ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Եվ հենց այդ տրամաբանությամբ էլ 2014թ մայիսի 6-ին ՀԱՕԿ սպորտվարչության արդեն նախկին պետ Գաբրիել Ղազարյանը նշանակվեց սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար:
Ինչպես հիշում եք՝ փետրվարի 12-ին Հանրապետական կուսակցության նիստում Սերժ Սարգսյանը Ծառուկյանին «չարիք» եւ «կեղծ քաղաքական» երեւույթ համարեց, խոսեց «քաղաքական դաշտը մաքրելու» անհրաժեշտության մասին: Այս ամենից հետո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե. «Ես հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից: Ես այլեւս կուսակցության նախագահ չեմ»:
Ինչո՞ւ սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը չգնաց Գագիկ Ծառուկյանի հետեւից եւ չհրաժարվեց նախարարի պաշտոնից, այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով զրուցեցինք նախարարի հետ:
-Պարո՛ն Ղազարյան, գաղտնիք չէ, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ վստահվել է ԲՀԿ-ին:
-Ո՞վ է ասում:
-Դա պարզ ճշմարտություն է, հայտնի ամենքին: ՀԱՕԿ նախագահը Գագիկ Ծառուկյանն է, եւ սպորտի նախարարի պորտֆելը մշտապես եղել է ԲՀԿ-ինը: Ու Դուք այդ կուսակցության շնորհիվ եք նախարար նշանակվել:
-Դուք չարաչար սխալվում եք, ես ներկայացվել եմ ՀՀ վարչապետի կողմից, եւ որոշումը կայացրել է երկրի նախագահը, ինչի՞ մասին է խոսքը:
-Այսինքն՝ Դուք հրաժարվո՞ւմ եք այդ կուսակցությունից:
-Հրաժարվում եմ, չեմ էլ ունեցել:
-Լավ, որպես սպորտի նախարար մի հարց տամ Ձեզ. արդեն անցել է շուրջ 17 աշխատանքային օր, ուսումնասիրե՞լ եք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, այնտեղ լուրջ թերություններ կան սպորտի ոլորտում, մասնավորապես, բավարար միջոցներ չեն ձեռնարկվել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչների վերապատրաստման համար:
-Ճիշտն ասած, ընթերցել եմ, բայց մինչեւ վերջ չեմ ընթերցել:
-Ինչո՞ւ, չկարողացա՞ք մինչեւ վերջ դիմանալ պաշտպանի զեկույցում առկա ճշմարտության մասին բարձրաձայնումներին՝ հասկանալու համար, թե ինչ թերություններ կան Ձեր ղեկավարած ոլորտում:
-ՉԷ՛, ժամանակ չկար:
-Գրեթե բոլոր նախարարները, ժամանակի վրա ամեն ինչ գցելով, անտեսում եմ ՄԻՊ զեկույցի կարեւորությունը:
-Ես չեմ անտեսում:
-Նշեցիք, որ ընթերցել եք, բայց ոչ ամբողջական: Ինչքան որ ընթերցել եք, կա՞ր որեւէ բան, ինչի հետ Դուք համամիտ չեք կամ հակառակը՝ կիսում եք պաշտպանի արձանագրած թերությունները:
-Եկեք այդ մասին խոսենք մի ուրիշ օր, երբ ես ամբողջական կկարդամ զեկույցը, լա՞վ:
-Իսկ կարո՞ղ է՝ ընդհանրապես չեք կարդացել, ուղղակի արդարանալու համար ասացիք, թե կիսատ եք կարդացել:
-Ոչ, արդեն ասացի:
-Պարո՛ն նախարար, ապիրլի 18-29-ը Ծաղկաձորում կայացավ շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունը, որին, ինչպես նախապես հայտարարվել էր, չմասնակցեց Ադրբեջանի հավաքականը: Սակայն հունիսին Ադրբեջանում կայանալու են Եվրոպական խաղերը: Եվ մարտի 10-ին ՀԱՕԿ-ը որոշում է կայացրել մասնակցել Բաքվում անցկացվելիք Եվրոպական առաջին խաղերին: Անվտանգության ի՞նչ երաշխիքով եք մեր մարզիկներին ուղարկում Բաքու: Ձեզ չի՞ մտահոգում, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում լարված վիճակն էր պատճառը, որ նրանց մարզիկները չեկան Հայաստան, իսկ մենք մեր մարզիկներին ուղարկում ենք:
-Ես Ձեզ բազմիցս հայտարարել եմ եւ հարկ չեմ համարում մի քանի անգամ կրկնել:
-Դուք հայտարարել եք, որ սպորտը քաղաքականության հետ խառնել պետք չէ, իսկ տղաների կյա՞նքը:
-Ես էլի եմ կրկնում՝ սա սպորտ է, եւ նրանց չգալն Հայաստան իրենց գործն էր:
Հ.Գ. Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում հույս էր հայտնել, որ. «Բաքվում կայանալիք «Եվրոպական խաղեր 2015»-ին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հավատ եւ վստահություն կառուցելուն»: Տեսնենք, թե ինչով կօգնի:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԻՎԻՐՅԱՆԻՆ ՏՈՒԳԱՆԵՑԻՆ
ՀՀ վարչական դատարանը երեկ բավարարել է Armenia Today կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի դեմ՝ նախորդ տարվա օգոստոսի 1-ին քաղաքապետարանի տարածքում վրան տեղադրելու եւ ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու մասին ոստիկանության կենտրոնական բաժնի հայցը՝ Կիվիրյանին ենթարկելով 50.000 ՀՀ դրամի տուգանքի:
Վարչական դատարանը մերժել է ոստիկանության դեմ հակընդդեմ հայցը, որը ենթադրում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները: Կիվիրյանն ասել է, որ իրենք դիմելու են վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարան, որտեղ արդարության չհասնելու դեպքում կդիմեն նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ՀԻՇԵՑԻՆ
ՀՀ Կառավարությունը որոշել է «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ-ում հաշվառված Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու եւ 50 վետերանի առողջության պահպանումը եւ հանգիստը կազմակերպելու նպատակով հատկացնել 6 մլն 550 հազար դրամ:
ԻՐԵՆՑ ԵՆ ՎԵՐԱԳՐՈՒՄ
«Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի հացադուլի դադարեցումը արդարադատության նախարարության կողմից արագ արձագանքման արդյունք է: Նման կարծիքի է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հարցին, թե հաստատվե՞լ են «Հիմնադիր խորհրդարանի» ակտիվիստների նկատմամբ բռնություններ կիրառելու մասին տեղեկությունները, նախարարը պատասխանել է, որ այդ հարցը ստուգվում է:
ԳՈՐԾԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ` գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը պահանջել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների գործը: Մասնավորապես` Կոստանյանը գործով վերահսկող դատախազին հանձնարարել է նախաքննական մարմնից պահանջել Ժիրայր Սէֆիլյանի եւ նրա ընկերների գործը: Չի բացառվում, որ այս գործով առաջիկայում բեկում լինի:
ԵՄ-Ն ՔԱՐՈԶ ԿԱՐԴԱՑՈՂ ՉԷ
Կաշառակերության դեմ պայքարում կարող են դժվարություններ եւ հիասթափություններ լինել, սակայն Հայաստանը պետք է վստահ լինի, որ Եվրամիությունը կաջակցի համապատասխան կառույցներին՝ երկրի քաղաքացիական հասարակության վերահսկողության համակարգում առաջընթաց գրանցելու նպատակով։ Այս մասին երեկ Հայաստանի օրինական ազգային համակարգի գնահատման մասին Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի 2014թ. զեկույցը ներկայացնելիս ասել է ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան։ Նա նշել է, որ Եվրամիությունը ողջունում է Հայաստանում հակակոռուպցիոն խորհրդի ստեղծումը եւ, իհարկե, հետեւելու է նրա ապագա գործունեությանը։
«Եվրամիությունն այստեղ նրա համար չէ, որ քարոզներ կարդա, այլ որպեսզի ներկայացնի իր փորձը՝ միաժամանակ հարգելով հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն ու ինքնիշխան քաղաքական ընտրությունը»,- ասել է դեսպանը:
ԳԱՂՏՆԻ ԱՅՑ ՄՈՍԿՎԱ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը անաղմուկ Մոսկվա է գնացել: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը պարզել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանից, վերջինս պատասխանեց. «Բոլոր պաշտոնական հանդիպումների մասին մեր պաշտոնական կայքը հրապարակում է, կարող եք ծանոթանալ այնտեղ»: Սակայն նման այցի մասին կայքում ոչինչ չկա նշված: Բայց մյուս կողմից փաստն այն է, որ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականը փաստացի չհերքեց Գեւորգ Կոստանյանի՝ Մոսկվա գնալ-գալու լուրը, թեեւ ոչ էլ հաստատեց: Իսկ թե որն է եղել այդ այցի նպատակը, թերեւս առաջիկայում պարզ կդառնա:
ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՑ
Երեկ Երեւանի Աբովյան փողոցից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն են բերման ենթարկվել Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ «օրենքով գող», 35-ամյա Լուկա Ալանիձեն եւ քրեական հեղինակություն, 31-ամյա Լաշա Աբզիանիձեն: Այս անձանց բերման ենթարկելու փաստը Վրաստանում տարակուսանքի տեղիք է տվել, քանի որ նրանք որեւէ քրեական գործի շրջանակներում չեն հետախուզվում, եւ իրավական տեսանկյունից նրանց բերման ենթարկելու առիթ պետք է որ չլիներ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հայ իրավապահները Լուկա Ալանիձեին եւ Լաշա Աբզիանիձեին բերման են ենթարկել, որպեսզի հասկանան նրանց` Հայաստան այցելելու նպատակը: Նրանց կարճ ժամանակ անց, մի քանի հարցեր տալուց հետո, ազատ են արձակել:
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Պարզվում է՝ 2015 թ.-ի ապրիլի 22-ին «Տոնուս Լես» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության: Ընկերությունը պահանջում է անվավեր ճանաչել նախարարության կողմից կազմված ինչ-որ իրավական ակտ եւ «Տոնուս Լես» ՍՊԸ-ին ճանաչել տեղի ունեցած գործարքի մասնակից: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից բացի՝ այս գործով դատարանում պատասխանող է հանդես գալիս նաեւ նախարարության «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը եւ «Գնումների բողոքարկման խորհուրդը»: Ի դեպ, «Տոնուս Լես»-ը միջնորդել է արգելանք դնել պատասխանողի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության գույքի եւ դրամական միջոցների վրա, որպես գրավի ապահովման միջոց, ինչը գործով դատավոր Զարուհի Նախշքարյանը բավարարել է: Մեզ չհաջողվեց պարզել, թե կողմերի վեճի առարկա գումարը կոնկրետ որքան է կազմում, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, խոսքը մոտ կես միլիոն դրամի մասին է: