Հոկտեմբերի 17-ին, ժամը 21.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երեւանի Աբովյան փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ երկու անձ մտել են իրենց տուն, ատրճանակով հարվածել գլխին, կապել ոտքերն ու ձեռքերը եւ տնից հափշտակել 800.000-1.000.000 դրամ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, տուժողի բնակարանում նրա ծանոթը եւ ընկերը ատրճանակի սպառնալիքով կպչուն ժապավենով կապել են նրա ձեռքերն ու ոտքերը եւ ննջասենյակի պահարանից հափշտակել 1.000.000 դրամ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Կենտրոնականի եւ Նոր Նորքի բաժինների քրեական հետախուզության ծառայողները հոկտեմբերի 18-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին եւ 1991 թ. ծնված Նարեկ Գ.-ին, որոնք խոստովանել են կատարած հանցանքը: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակային հարձակում) հատկանիշներով: Ռոբերտ Ա.-ն եւ Նարեկ Գ.-ն ձերբակալված են, նախաքննությունը շարունակվում է: