Տեղի է ունեցել ՈԱԱԿ նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) նորակազմ հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:

Նիստի սկզբին խորհուրդը  քվեարկությամբ նախագահ ընտրեց Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանին, իսկ քարտուղար` ՀՀ Կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ Սեդրակ Սիմոնյանին:

Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի նախկին անդամներին ՈԱԱԿ-ի կայացման և երկրում որակի մշակույթի ձևավորման  գործում ունեցած ներդրման համար և հույս հայտնեց, որ խորհրդի ներկա կազմն էլ իր ավանդը կունենա նորաստեղծ համակարգի զարգացման և մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրների լուծման գործում:

Այնուհետև պարոն  Թոփչյանը ներկայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2014թ. գործունեությունը: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց  բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի ներքին ապահովման համակարգերի ձևավորման և կայացման աշխատանքներին, բուհերում իրականացված ինստիտուցիոնալ և ծրագրային  հավատարմագրման գործընթացներին, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Պարոն Թոփչյանը ներկայացրեց  ՈԱԱԿ-ի որակի ներքին ապահովման ուղղությամբ ձեռնարկված  քայլերը և միջազգային գործունեությունը: Քննարկվեցին նաև ՈԱԱԿ ուսումնասիրությունների  արդյունքում վեր հանված համակարգային  խնդիրները, լուծման հնարավոր մոտեցումները:

Հոգաբարձուների խորհուրդը քվեարկությամբ միաձայն հաստատեց ՈԱԱԿ 2014թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:




Լրահոս