ՀՀ Արագածոտնի մարզի Սուսեր համայնքի ղեկավար Գուրգեն Զաքարյանը տարիներ շարունակ գտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում: Պատճառը գյուղացիների անվերջ բողոքներն են գյուղապետի աշխատանքային գործունեությունից: Տեղեկացնենք, որ Սուսերի գյուղապետին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2008 թվականից մինչեւ 2010 թվականն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է 564 լիտր դիզելային վառելանյութ: Հիմա էլ գյուղացիները կրկին բողոքում են, որ Գ. Զաքարյանը իրենց հասանելիք դիզելային վառելանյութը չի հատկացնում:
Արագածոտնի մարզի Սուսերի գյուղապետ Գուրգեն Զաքարյանը վերջին մի քանի տարիներին հասցրել է երկու անգամ հայտնվել դատարանում: Նշենք, որ Զաքարյանը 23 տարի է, ինչ Սուսերի գյուղապետն է: Նա գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչներից մեկին՝ Ալբերտ Ստեփանյանին, ծեծի է ենթարկել:
Ըստ քրեական գործի նյութերի՝ գյուղապետ Զաքարյանը, ով նաեւ դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, ուսուցչանոց մտնելիս նկատել է, թե ինչպես է ուսուցիչ Ալբերտ Ստեփանյանը «փռված ձեւով նստած», եւ իր պարտքն է համարել հորդորել փոխել նստելաձեւը: Վերջինս էլ պատասխանել է, թե՝ դու չէ, որ պիտի ասես` ոնց նստեմ: Հենց այս արտահայտությունն էլ ծեծկռտուքի պատճառ է դարձել, որի հետեւանքով գյուղապետը հայտնվել է դատարանում: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալ ուսուցիչներին մեղավոր է ճանաչել եւ 100 հազարական դրամի չափով տուգանել: Այս ամենից հետո գյուղապետի կնոջը, ով այդ ժամանակ դպրոցի տնօրենն էր, մարզպետ Սարգիս Սահակյանը անհասկանալի պատճառաբանությամբ որոշել է ազատել տնօրենի պաշտոնից: Այս պահին դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր է:
Ինչեւէ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ծեծկռտուքից հետո Զաքարյանը այս տարվա սկզբին հայտնվել է այլ պատմության մեջ. այս անգամ նրան մեղադրել են պաշտոնական դիրքը չարաշահելու եւ զգալի չափերի յուրացումներ կատարելու մեջ: Այսպիսով, Զաքարյանը 2008-2010 թվականների ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 176 հազար 901 դրամ արժողությամբ 564 լիտր դիզելային վառելանյութ: Եւ նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նշենք, որ այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով կամ տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի կամ յոթհարյուրապատիկի չափով:
Ինքը՝ գյուղապետ Զաքարյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ դատաքննությունը նախօրեին է ավարտվել, գործը փակվել է, քանի որ ինքն իր անձնական միջոցներից փոխհատուցել է պատճառված վնասը: Ըստ նրա` մեկ ամիս անց վճիռը կմտնի օրինական ուժի մեջ: «Ես համայնքապետարանին պատճառած վնասը փոխհատուցել եմ՝ 176 հազար 956 դրամ: Ես իմ մեղքն ընդունել եմ, բայց չեմ յուրացրել: Դա հաշվապահական սխալ էր»,- արդարացավ Զաքարյանը: Նրա պատմելով՝ իրավապահները դեռեւս 2008-2012 թվականներին գյուղացիներից ստացված բողոքների հիման վրա գյուղապետարանում ստուգումներ են իրականացրել: Ստացվում է, որ յոթ տարի շարունակ իրավապահները ստուգումներ են իրականացրել, բայց հարցը միայն այս տարվա մարտի 5-ին է մտել դատարան:
«Դե, անձնական հարցերով բողոքներ են եղել մի քանիսից: Եվ գյուղապետարանի ողջ հաշվապահությունը ստուգվել է: Այդ գործը դիզելային վառելիքի հետ է կապված, որով 2010 թվականին աղբահանություն է իրականացվել: Ու այդ աղբահանության համար մենք ժողովրդից ոչ մի լումա չենք գանձել: Դիզվառելիքը գյուղում պտտվող տրակտորի մեջ ենք լցրել: Տրակտորն էլ աղբահանում էր կիլոմետրուկես հեռավորության վրա, աղբը տանում-դատարկում էր: Ու հենց այդ դիզելային վառելիքի մասով ակտ է եղել, բայց ինչ-ինչ պատճառներով այդքան թղթերի մեջ այդ մի ակտը ստուգողները չգտան: Այսինքն` ինձ վրա պակասորդ մնաց: Ու ես հայտնվեցի դատարանում»,- ներկայացրեց գյուղապետը: Մինչդեռ Սուսերի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ գյուղապետը այդ «հափշտակած» դիզելային վառելանյութը բաժանել է իր բարեկամներին եւ ծանոթներին: Ավելին` գյուղացիների պատմելով՝ նա հիմա էլ չի տրամադրում իրենց հասանելիք դիզելային վառելանյութը: Գ. Զաքարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեց՝ արդարանալով. «Ես իմ բարեկամներին դիզելային վառելանյութ չեմ բաժանել, դա հասել է այն բնակիչներին, ովքեր նախապես հերթագրվել էին: Այս տարի գյուղապետարանը ստացել է ընդամենը 3 տոննա դիզելային վառելիք, որն էլ բաժանվել է այն մարդկանց, ովքեր նախապես հերթագրվել էին»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի այս խնդրի շուրջ դատարանում էին հայտնվել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքապետեր: Ըստ մեղադրանքի` գյուղապետերը գյուղացիներին հատկացված էժան դիզվառելիքի փաստաթղթերը կեղծել էին` ներկայացնելով, թե իբր գյուղացիներն այն ստացել են, իսկ դիզվառելիքից ստացված գումարները յուրացրել էին: Խոսքը ավելի քան 50 մլն դրամի մասին էր: Տեղեկացնենք, որ գյուղացիներին դիզվառելիք հատկացվում է պետական աջակցության շրջանակներում` ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն: Իսկ վառելիքը տրամադրում էր «Ֆլեշ» ընկերությունը:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵՑ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ
Ապրիլի 30-ին Գյումրու ավագանու նիստն սկսվեց մեկ րոպե լռությամբ. ներկաները հարգեցին ծնունդով գյումրեցի, անվանի ծանրամարտիկ Վարդան Միլիտոսյանի կենդանի հիշատակը: Նշենք, որ մարզիկը երկարատեւ հիվանդությունից հետո ապրիլի 29-ի գիշերը կյանքից հեռացավ:
Ապրիլի 30-ի նիստը նվիրվեց մարզիկներին, ավագանին որոշեց 2015 թվականին Եվրոպայի ծանրամարտի, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի եւ սամբոյի առաջնություններում չեմպիոններ եւ մրցանակակիրներ դարձած մարզիկներին եւ նրանց մարզիչներին շնորհել դրամական պարգեւներ մեկ միլիոն ութ հարյուր հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին գյումրեցի ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը Թբիլիսի քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների ծանրամարտի առաջնությունում գրավեց 1-ին տեղը, Կարապետ Չալյանը Լեհաստանում մինչեւ 23 տարեկան հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը, իսկ Սերբիայում կայացած սամբոյի երիտասարդների եւ պատանիների առաջնության ժամանակ երիտասարդ սամբիստները նվաճեցին 2 արծաթե մեդալներ, իսկ պատանիները` 1 բրոնզ:
Նիստում քննարկվող հարցերից էին նաեւ մայիսյան տոներին ընդառաջ անցկացվող տոնակատարություններն ու այդ նպատակով հատկացվող գումարները: Հատկանշական էին դրամական օգնությունները. ավագանու անդամների միաձայն որոշմամբ ընդունվեց Արցախյան պատերազմում զոհված, թվով 105 ազատամարտիկների եւ զոհված, թվով 164 զինծառայողների ընտանիքներից յուրաքանչյուրին հատկացնել 20.000 դրամ: 15.000-ական դրամ էլ հատկացվեց Գյումրի քաղաքի Հայրենական մեծ պատերազմի մասնակից, թվով 61 վետերաններից յուրաքանչյուրին:
Օրակարգից դուրս չմնացին Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունները: Ընթացիկ վերանորոգումներ իրականացնելու, ինչպես նաեւ՝ գույք ձեռք բերելու նպատակով համայնքի բյուջեից տրամադրվեց 7.000.000 (յոթ միլիոն) դրամ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ապրիլի 22-ին Գյումրու Վ. Սարգսյան փողոցում բռնկված հրդեհից երկու տնակներ այրվել էին, բնակիչները կորցրել էին իրենց ամբողջ գույքը: Ավագանին որոշեց՝ Էմին Մադոյանի ընտանիքին 400.000, իսկ Մարուսյա Թադեւոսյանի ընտանիքին 200.000-ի դրամական օգնություն հատկացնել:
ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Գյումրի
ԵՐԹԵՎԵԿՈՒՄ ԵՆ` ԳՈՒՇԱԿԵԼՈՎ
2014 թ. Գյումրու համայնքային բյուջեից քաղաքի փողոցների գծանշումների ու երթեւեկության նշանների համար տրամադրել է 17 մլն. դրամ, 16 մլն. դրամ էլ հատկացվել է այս տարի: Սակայն քաղաքի փողոցների գերակշիռ մասում գծանշումները կա՛մ բացակայում են, կա՛մ անցյալ տարվա կատարվածն արդեն ջնջվել է: Կանոնակարգված չէ նաեւ երթեւեկությունը: Վերջին լիարժեք երթեւեկային սխեման Գյումրիում գծվել է 1980-ական թթ, իսկ 2014-ին համայնքային իշխանությունները կազմել են մասնակի սխեմա: Վիճակը մի փոքր նորմալ է քաղաքի կենտրոնում, իսկ երկրորդական փողոցներով երթեւեկելիս կամ երկրորդականից դեպի կենտրոնական փողոցներ անցում կատարելիս վարորդը կա՛մ պետք է գուշակի իր անելիքը, կա՛մ էլ հիշի, թե վերջին անգամ այդտեղ ինչ նշան է եղել:
Վարորդները դժգոհում են, համայնքային իշխանություններն էլ՝ արդարանում` մատնանշելով միջոցների սղությունը: Հետաքրքրական է մի փաստ. պարզվում է` հանրապետությունում, բացի Գյումրիից ու Վանաձորից, մնացած համայնքներում ոստիկանության վրա է դրված գծանշումներով, լուսացույցներով ու երթեւեկության նշաններով փողոցների ապահովումը եւ հսկողությունը: Քաղաքապետ Ս. Բալասանյանը դեռ անցյալ տարի խնդրի առնչությամբ խորհրդակցել է Գյումրի եկած փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հետ: Սակայն վերջինս նշել է, որ իրենք չեն կարող ընթացք տալ հարցին, քանի որ նոր միջոցների ու մարդկային ռեսուրսների ներգրավման հարց է առաջանում, ինչի հնարավորությունը չունեն:
Համապատասխան գրավոր դիմում ուղղվել է նաեւ ՀՀ Կառավարությանը, սակայն պատասխանը առավել քան խոսուն է՝ տարեկան բյուջեն արդեն հաստատվել է, ու փոփոխություններ անել հնարավոր չէ: Մնում է յոլա գնալն ու մարդկային, իրար զիջել-չզիջելու տրամաբանությունը` ինչպես վարորդների, այնպես էլ վարորդ-հետիոտն հարաբերություններում:
ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գյումրի
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ ԻՐԵՆՔ ԵՆ ԳՆՈՒՄ
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանի բնակիչները կարող են դիտել միայն Հայաստանի հանրային հեռուստաընկերության, «Կենտրոն» եւ ռուսական «ՌՏՌ Պլանետա» հ/ը-ների հաղորդումները: Իջեւան եւ Դիլիջան քաղաքների բնակիչները դիտում են 7 հ/ը-ների ծրագրեր: Այս կապակցությամբ Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիո հեռարձակման ցանցի Տավուշի մարզային հանգույցի պետ Սմբատ Խոսրովյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ մարզի տարածքի մեծ մասում ներկայումս կատարվում է հեռուստատեսային հաղորդումների թվային հեռարձակում: Թվային հեռարձակվող ալիքների փաթեթը ներառում է 7 հ/ը-ների հաղորդումներ: Բերդի սահմանագոտու բնակիչները դեկոդերներ են գնում, որպեսզի կարողանան դիտել այդ հեռուստաընկերությունների հաղորդումները՝ թվային, բարձր որակով: Օրինակ՝ սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուրի բնակիչներն արդեն 45 հատ դեկոդերներ են գնել: Թեեւ դեռ ամիսներ առաջ հայտարարվել է, որ պետությունը սոցիալապես անապահով խավերին անվճար դեկոդերներ է տրամադրելու, սակայն դեռ նման գործընթաց չի սկսվել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ