ԵԿԵՂԵՑԻՆ ԿԲԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը 2006թ. Գեղարքունիքի մարզկենտրոն Սեւան քաղաքի «Արփա» կինոթատրոնի շենքը եկեղեցի կառուցելու նպատակով նվիրել է Հայաստանյայց առաքելական եկեղեցուն: Սեւանցիների խոսքերով՝ իրենց քաղաքում գործող եկեղեցի չկա, ուստի կողմ են չգործող կինոթատրոնի փոխարեն քաղաքում հոգեւոր կառույց ունենալուն: Միայն թե արդեն 9 տարի է, ինչ ընթանում են եկեղեցու շինարարական աշխատանքները, եւ այդպես էլ ծայրը չի երեւում: Եկեղեցու կառուցումն ըստ նախագծի պետք է ավարտվեր 2010թ.-ին: Այն, որ հոգեւոր կենտրոնի բացումը տեղի չունեցավ անգամ Հայոց ցեղասպանության 100-ամյակին, վրդովեցրել է սեւանցիներին: Քաղաքի բնակիչների մեկնաբանությունները տարբեր են. նրանց կարծիքով՝ եկեղեցու բարերար փարիզաբնակ Ստեփան Պետոյանի կողմից հատկացված գումարները նպատակին չեն ծառայել:
Իսկ, ահա, Սեւան քաղաքի հոգեւոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթեւոսյանը պարզաբանում է՝ եկեղեցին արդեն իսկ կանգուն է բարերարի տրամադրած գումարներով: Սակայն եկեղեցու ներքին կահավորման համար անհրաժեշտ է 20 հազար դոլար, որը ձեռք բերելու հարցում կրկին բարերարների օգնությունն է անհրաժեշտ: Միայն ներքին հարդարման աշխատանքներից հետո եկեղեցին կանվանակոչվի, կօծվի եւ շահագործման կհանձնվի: Այնուամենայնիվ, քահանան հայտնեց, որ սպասված օրը սարերի հետեւում չէ, գտնվել են մարդիկ, ովքեր աջակցել են անհրաժեշտ գույքը գնելու հարցում, եւ շատ հնարավոր է՝ եկեղեցին բացվի ամենակարճ առաջիկայում:

 

 

 

ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Ապրիլի 27-ին ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլուի գլխավորած պատվիրակությունը Գյումրիում էր` ծանոթանալու քաղաքի պատմությանը, մշակութային պոտենցիալին եւ ամենակարեւորը` ներդրումային միջավայրին: Նշենք, որ չինական Սիան եւ Գյումրի քաղաքների վերջին երկու տարիների փոխգործակցության արդյունքում Գյումրին միացել է Մետաքսի ճանապարհի քաղաքների հուշագրին: Չինաստանի դեսպանի խոսքերով՝ հատկապես կարեւոր է պատմական առեւտրա-տնտեսական ցանցի վերականգնումը, ինչպես նաեւ համագործակցային արդյունավետ կապերի ստեղծումը:
Իսկ մինչ այդ էլ` ապրիլի 25-ին, Գյումրիում էր ԱՄՆ Կանզաս նահանգի փոխնահանգապետ Ջեֆրի Քոլյերին, ով որպես բժիշկ 1988թ.-ին իր ակտիվ մասնակցությունն է ունեցել աղետից տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու հարցում: Ջ. Քոլյերին պատմեց իր տպավորությունների ու հիշողությունների մասին: Հյուրն իր հետ բերել էր երկրաշարժի տարիների լուսանկարների սեփական արխիվը՝ նշելով, որ իր համար մեծ նշանակություն ունի այսօր Գյումրիում գտնվելը՝ տարիներ անց տեսնելով վերածնվող քաղաքը:
Կանզասի փոխնահանգապետը նույնպես հնարավոր է համարում տարբեր բնագավառներում Գյումրիի հետ համագործակցության հեռանկարը: Օտարերկրյա երկու պաշտոնատար անձանց՝ Գյումրի կատարած այցերը ոգեւորել են գյումրեցիներին՝ հույս ներշնչելով, որ Գյումրիում առարկայական որեւէ բան կփոխվի:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան




Լրահոս