ՉԻ ԱՐՏԱԳԱՂԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վերջին շրջանում պտտվող լուրերի համաձայն` դերասան Հայկ Մարությանը՝ “Կարգին հաղորդման” Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Մոտ 1 ամիս առաջ “No comment”-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից էլ վերադարձել է առանց Հայկոյի:
Եւ քանի որ դերասան Հայկ Մարությանի` ընդմիշտ հեռանալու լուրը չէր կարող անտարբեր թողնել մեզ, որոշեցինք հարցի վերջնական պատասխանը ստանալ նրա մոտ գործընկեր ՄԿՐՏԻՉ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՑ՝ (Արկադի` “Կարգին սերիալ”): 
-Ճի՞շտ են արդյոք լուրերն այն մասին, որ Հայկոն ԱՄՆ-ից այլեւս չի վերադառնալու:
-Ո՛չ, ճիշտ չեն, վերադառնալու է հոկտեմբերի վերջին: “Կարգին սերիալ”-ի նկարահանումներն էլ արդեն սկսվել են, նա նկարահանումներին նույնպես կմիանա:
-Իսկ ինչո՞վ է նա հիմա զբաղված, որ չի կարող մասնակցել նկարահանումներին:
-Հանգստանում էր ԱՄՆ-ում ու կազմակերպում էր մեր “No comment” համերգը: 
-Բայց “No comment”-ը վերջացել է, չէ՞, ու դուք վերադարձել եք առանց նրա:
-Այո՛, ներկայացումը վերջացել է, բայց նորից հարցեր կան այնտեղ՝ “No comment”-ի հետ կապված, դրանք էլ կավարտեն, ու հոկտեմբերի վերջին կվերադառնա Հայաստան: 
-Փաստորեն, սերիալում Հովհաննես Ազոյանի ներգրավումը հենց Հայկոյի բացակայության պատճառո՞վ է:
-Մինչեւ Հայկի` ԱՄՆ-ում ժամանակավոր մնալը, մենք արդեն մտածել էինք, որ Հովհաննեսին ներգրավենք, դա կապ չունի Հայկի բացակայության հետ:
-Դուք փաստում եք, որ Հայկը չի արտագաղթել, պարզապես գործերո՞վ է ԱՄՆ-ում:
-Այո՛, դե երեւի պարապ են մնացել ու խոսում են, բայց այդ մարդը հոկտեմբերի վերջին գալու է ու կրկին նկարահանվի սերիալում: Այս տեսակ խոսակցություններն արդեն մուտացիայի  են նմանվել: 2-3 օր հետո բոլորովին այլ բան կխոսեն:
-Քանի որ Հայկն ընտանիքով է մեկնել, այդ պատճառով էլ նման խոսակցություններ ու ենթադրություններ են առաջացել: 
-Ես էլ ամռանն էի ընտանիքով գնացել ծով՝ հանգստանալու, բայց դա չի նշանակում, որ մնալու էի այնտեղ: Դե բնական է, որ Հայկոն երկար ժամանակով էր գնացել` 2-3 ամիս, ցանկալի էր, որ ընտանիքով գնար, քանի որ կարոտելու էր նրանց: Դա լրիվ նորմալ է:
-Ստացվում է, որ Հայկը, դերասան լինելուց բացի, նաեւ “No comment”-ի կազմակերպչական հարցերո՞վ է զբաղվում:
-Ես էլ եմ կազմակերպչական հարցերով զբաղվում, ուղղակի այս պահին ինքն էր ԱՄՆ-ում, ինքը զբաղվեց, ես էլ այդ ընթացքում “Կարգին սերիալ”-ի նախապատրաստական աշխատանքներն արեցի:
ԱՄՆ-ում Հայկը, “No comment”-ից բացի, այլ աշխատանքով զբաղվո՞ւմ է:
-Ո՛չ, ո՛չ, ուրիշ ոչ մի աշխատանքների մասին խոսք լինել չի կարող, բացի մեր աշխատանքներից: Այն ամենը, ինչ խոսում են, ու ես էլ լսել եմ, հավատացե՛ք՝ չկա: Նման բան չկա ու չի էլ կարող լինել, մենք դեռ միասին շատ անելիքներ ունենք Հայաստանում: 
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթ 16.10.12.




Լրահոս