«Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ անելու մասին հարցի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա են կանգնել 13 և 5 տոկոսադրույքների վրա:
Ի պատասխան ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ 13 տոկոս եկամտի դրույքաչափը դա այն չափն է, որը, համադրելով ԵՏՄ անդամ պետություններում գործող համանման դրույքաչափերի հետ, հնարավորություն կտա առավել նպաստավոր դաշտ ստեղծել, որպեսզի մեխանիզմն աշխատի, հակառակ դեպքում` եթե Հայաստանում տոկոսադրույքը բարձր լինի, մեխանիզմը չի աշխատի:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ նման օրենքները խթանում են արտագաղթը: «Ստացվում է, որ մենք փորձում ենք օգուտ քաղել արտագաղթի ճանապարհը բռնած քաղաքացիներից: Եվ հետո` ի՞նչ տրամաբանությամբ եք որոշել հարկել հենց շինարարությամբ զբաղվող ընկերություններին: Եվ եթե այս օրենքն ընդունվի, դա կնպաստի, որ արտերկրում աշխատողները հրաժարվեն Հայաստանի քաղաքացիությունից»,- ասաց պատգամավորը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ հարց ուղղեց հիմնական զեկուցող Վախթանգ Միրումյանին: «Նախ` իրավական տեսակետից ինչո՞ւ են փաստաթղթից պակասում ազդեցության գնահատումների վերաբերյալ գնահատականները: Հաշվարկվե՞լ է, արդյոք, թե էլ ի՞նչ բեռնվածություն կա Հայաստանում ու Ռուսաստանում, որը պետք է համազոր լինեն, խոսքը կենսաթոշակային վճարների մասին է: Ռուսաստանում կենսաթոշակային համապատասխան վճարը համապատասխանո՞ւմ է Հայաստանինին»,- հարցրեց պատգամավորը:
Փոխնախարարն էլ նշեց, որ Ռուսաստանում գործում է եռաստիճան համակարգ և ՌԴ-ում կան սոցիալական վճարներ, որոնք ավելի բարձր են, քան Հայաստանում են սահմանված: