Armlur.am-ը արդեն տեղեկացրել է, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստի սկզբում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ստորագրահավաք էր սկսել` ձերբակալված Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ: Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում իր բոլոր գործընկերներին տվել է թերթիկը` ստորագրելու համար, բացի ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանից:
Aravot.am-ի փոխանցմամբ` Մարգարիտ Եսայանը նշել է, որ Ն. Զոհրաբյանը դահլիճում նստած բոլոր պատգամավորներին մոտեցել է, բացի` իրենից: «Այն պահին, երբ տիկին Զոհրաբյանը թերթիկը ձեռքին մոտենում էր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին, ես դահլիճում նստած էի եւ սպասում էի, որ ինձ էլ կմոտենա: Ես միտումնավոր էի նստել դահլիճում, որպեսզի ինձ էլ մոտենա, եւ ես ստորագրեմ թերթիկը: Ցավոք, տիկին Զոհրաբյանն ինձ շրջանցեց: Հասկանալի է, որ ես էլ առաջին դասարանի աշակերտի նման չպիտի վազեի իր ետեւից ու ասեի`թերթիկը տուր ստորագրեմ»,- ասել է Մարգարիտ Եսայանը:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե տիկին Եսայանը ցանկանար ստորագրել, ապա ինքը գերագույն սիրով թերթիկը կտրամադրեր: «Ես մոտեցել եմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր նախապես ինձ ասել են, որ ստորագրելու են: Տիկին Եսայանը, եթե ասեր, որ ինքն էլ էր ուզում ստորագրել, ես անպայման նրան էլ կմոտենայի: Ինձ մոտեցել են Ֆարմանյան Սամվելը, Հեղինե Բիշարյանը, Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը: Ես հարկ չեմ համարել մոտենալ այն պատգամավորներին, ովքեր ցանկություն չէին հայտնել ստորագրել, որպեսզի վատ վիճակի մեջ չդնեմ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս հավելեց` հավաքվել է 37 ստորագրություն` տարբեր խմբակցությունների պատգամավորների անուններով: Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պատգամավորների միջնորդությունն արդեն իսկ Դատախազություն է ներկայացրել: