Բացվեց ArmProd EXPO ցուցահանդեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է “ArmProd EXPO” ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք և խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին և առաջիկա ծրագրերին: 
Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաև արտադրական բնագավառի զարգացմանը: “Մեր նպատակն է օժանդակել հայրենական ձեռնարկություններին իրացման նոր շուկաներ գտնելու գործում: Ցուցահանդեսին մասնակից որևէ մի ձեռնարկություն չկա, որն իր ապրանքը չի արտահանում, և դա մեր գերակա ուղղությունն է: Մեր այցելած բոլոր տաղավարների ներկայացուցիչները նշեցին, որ այս տարի արտադրական ծավալների առնվազն 20 տոկոսի աճ են արձանագրել: Հանդիպեցինք նաև այնպիսի ձեռնարկությունների, որոնք արտադրական ծավալները կրկնապատկել են, բարձրացրել աշխատավարձերը և ավելացրել աշխատատեղերը”,- ասել է վարչապետը: 
Կառավարության ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, որտեղ առկա է իրավիճակի որակական բարելավում, և կառավարության խնդիրն է առաջիկա տարիների ընթացքում պահպանել զարգացման այդ տեմպերը: 
Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գտնել շահավետ գործընկերներ կամ ներդրողներ:




Լրահոս