ՀՀ դատախազությունը պարզաբանում է տարածել այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ Գորիս քաղաքի «Սդըղի գյոլ» կոչվող վայրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ:
«Հանրությանը պատշաճ իրազեկելու և ապատեղեկատվությունը բացառելու նպատակով պարզաբանում ենք, որ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 21:35-ին «Գորիս ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրն իրենց մոտ է տեղափոխվել Հարություն Գագիկի Զաքարյանը՝ «աջ աչքի վնասվածք, կոպի պատռվածք» մարմնական վնասվածքով, ով հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Հարժիսի գյուղում՝ մեքենայի վրա աշխատանք կատարելու ընթացքում:
Ահազանգի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում պարզվել, որ Հ. Զաքարյանը մարմնական վնասվածքը ստացել է ոչ թե իր նշած հանգամանքներում, այլ 2015թ. մայիսի 2-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տեղանքում ինքնությունը չպարզված այլ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, որի ժամանակ վնավածքներ է ստացել նաև վերջինիս եղբայրը՝ Մուշեղ Զաքարյանը:
Մարզի դատախազի կողմից նշված նյութերը պահանջվել և ուսումնասիրել են, արդյունքում, նկատի ունենալով, որ նյութերով հիմնավորվել է անհայտ անձանց կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը, որը զուգորդվել է բռնության գործադրմամբ, ուստի մարզի դատախազի տեղակալ, արդադատության երրորդ դասի խորհրդական Ա. Ավետիսյանի կողմից 2015թ մայիսի 4-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար այն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին՝ միաժամանակ ոստիկանության Գորիսի բաժնին հանձնարարվել է ակտիվացնել ձեռնարկվող օպերատիվ հետախուզական միջոցառումները՝ հանցագործության բոլոր մասնակիցների ինքնությունը, ինչպես նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: