ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՄ ԱՇԽԱՏԵԼ Ե՛Վ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ, Ե՛Վ ԱՐՏԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ինքը շարունակելու է ե՛ւ երգել, ե՛ւ օրենսդիր դաշտում աշխատել:  
-Տիկի՛ն Պետրոսյան, Ձեզ ո՞վ էր հրավիրել՝ մասնակցելու Երեւանի 2794-ամյակին նվիրված միջոցառմանը: Ո՞ւմ խնդրանքով որոշեցիք երգել Երեւանի տոնին:
-«Շարմ» ընկերությունից, ինչպես միշտ, որ լինում է:
-Ինչո՞ւ որոշեցիք կրկին բեմում երգել, չէ՞ որ այժմ այլ գործունեություն եք ծավալում:
-Ես միշտ էլ երգում եմ եւ միշտ էլ ասել եմ, որ ես շարունակելու եմ երգել, եթե դա իմ աշխատանքին չի խանգարում: Ես ամբողջ հուլիս ամիսը բանակում էի, սահմանում՝ առաջին գծում, երգում էի, այսինքն՝ ոչ մի բան ինձ չէր խանգարում: Երեկոյան ժամը 8-ն ինչպե՞ս կարող է խանգարել ԱԺ առավոտյան իմ աշխատանքին:
-Ձեզ ինչպե՞ս դիմավորեցին, ի՞նչ զգացողություններ ունեցաք՝ արդեն որպես պատգամավոր բեմում երգելիս:
-Ինչպես միշտ, շատ ջերմ, ինչպես միշտ, ամբողջ ճանապարհին, որ փորձում էի այդ ամբոխի միջով անցնել՝ տուն գնալու համար, ուզում էին նկարվել, ստորագրություն վերցնել, ինչպես միշտ, ինչպես բոլոր ժամանակներում:
-Ձեր ելույթից հետո երգեց Վերա Բրեժնեւան, արդյո՞ք արժեր, որ Դուք, լինելով ՀՀԿ պատգամավոր, նրա հետ միասին լինեիք այդ բեմում:
-Ես, անկեղծ ասած, իրեն չեմ տեսել, սիրված երգչուհի՞ չէ այդ աղջիկը, ես իրեն չեմ լսել, այսինքն՝ եթե անգամ լսեմ, չեմ տարբերի, եթե չեմ սխալվում՝ ՌԴ-ի դեսպանատան նվերն էր: Բայց ես ինչքան հիշում եմ, ինձանից հետո Զառան էր երգում: Ես ընտրություններ չեմ արել, բայց ինչքան գիտեմ, դեսպանատան նվերն էր:
-Երգարվեստի բնագավառի Ձեր կոլեգաները խոսում են այն մասին, որ Դուք ԱԺ պատգամավոր դառնալուց հետո շատ եք փոխվել, «գոռոզացել» եք, իրենց հետ չեք շփվում, ինչո՞ւ:
-Սուտ խոսակցություններ են, նման բան չի կարող լինել, գործընկերը միշտ մնում է գործընկեր: Դրանք սովորական մարդկային բամբասանքներ են, նման բան լինել չի կարող, ես ընդհանրապես գոռոզ չեմ եւ երբեւէ գոռոզ չեմ եղել:
-Ձեր պատգամավոր ընկերներն ինչպե՞ս են վերաբերում փաստին, որ Դուք մե՛կ բեմում երգում եք, մե՛կ էլ ԱԺ ամբիոնից ելույթ ունենում: Իրենց համար դա տարօրինա՞կ չէ:
-Իրենք շատ լավ են վերաբերում այդ ամենին, եւ ո՞վ է որոշողը, ու ո՞վ է որոշել, թե որտեղ պետք է լինեմ, թե մարդը կարող է եւ պետք է մեկ ուղղություն ունենա: Ես դա չեմ հասկանում: Ոչ մեկ նման բանի չէր սպասում, որ ես հնարավոր է՝ այլեւս չերգեմ, անգամ շատերը ցավում էին, որ հնարավոր է՝ չերգեմ: ԱԺ պատգամավորի կարգավիճակն այդքան մի՛ ուռճացրեք, դա եւս մի տեղ է, որտեղ կարող ես ծառայել ժողովրդիդ:
-Ի վերջո, հասարակությունը Ձեզ որպես ԱԺ պատգամավո՞ր պետք է ընդունի, թե՞ երգչուհի, ո՞րն է Ձեր իրական անելիքը:
-Ես արդեն համատեղում եմ, եւ Դուք ինձ հա՛մ այնտեղ եք տեսնում, հա՛մ այստեղ: Ես բեմից չեմ հեռացել, բայց այնպես չէ, որ Դուք միշտ ինձ տեսնելու եք, ես այդքան չափի զգացողություն ունեմ, որ չլինեմ ամեն տեղ ու ամենուր ինձնով չհեղեղեմ: Ես իմ աշխատանքը շարունակում եմ անել ե՛ւ որպես պատգամավոր, ե՛ւ որպես արտիստ:
-ԱԺ-ում նախագծեր արդեն ներկայացրե՞լ եք, ի՞նչ ընթացքում են Ձեր աշխատանքները խորհրդարանում:
-Չեմ կարող ասել՝ լավ է, թե վատ է, բայց ես բավական լավ արձագանքներ ունեմ, ինտեգրվում եմ այդ ռիթմին, արդեն սկսել եմ իմ աշխատանքները: Նախագծեր կան, բայց դրանց մասին չեմ բարձրաձայնելու, արդեն հայտարարություններ ունեցել եմ: Աշխատանքը շարունակվում է, ինչպես բոլոր պատգամավորների մոտ:
Հ.Գ. ԱԺ երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանի խոսքերին չանդրադառնալն ուղղակի անհնար էր: Ուշադրություն դարձրեցի՞ք, թե ինչ ասաց. «Փորձում էի այդ ամբոխի միջով անցնել տուն գնալու համար, ուզում էին նկարվել»: Այսինքն՝ հասարակության մի ստվար զանգվածը Շուշանի համար, միեւնույն է, ամբոխ է ու գուցե իր համար տհաճ հանրահավաքներն է հիշեցնում: Բայց միաժամանակ նա չի զլանում կրկնել, թե «ԱԺ պատգամավորի կարգավիճակն այդքան մի՛ ուռճացրեք, դա եւս մի տեղ է, որտեղ կարող ես ծառայել ժողովրդիդ»: Հարց է առաջանում. ո՞ր ժողովրդին՝ ամբոխի՞ն, թե՞…

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս