Նաիրա Զոհրաբյանը պատրաստ է զրուցել Կարո Կարապետյանի հետ և լսել նրա տեսակետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` ԲՀԿ-ն գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել` Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար: Այսօր Armlur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե դատախազությունից իրենց պատասխանել են, որ միջնորդությունը ստացվել է:

ԲՀԿ ղեկավարը հայտնեց, որ պարբերաբար կապ են հաստատում դատախազության հետ, հասկանալու համար, թե երբ կարող են միջնորդությանը պատասխանել: Նա տեղեկացրեց, որ հաջորդ քայլը կլինի երաշխավորությունը: Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ինքն անձամբ պատրաստ է երաշխավոր կանգնել:

Նա նշեց, թե Գոհար Ենոքյանի առողջական վիճակն իսկապես վատ է և կան հետվիրահատական բարդություններ, և 73-ամյա կնոջ համար ցանկալի է տնային պայմաններում բուժվել: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, թե ստորագրահավաքին մասնակցել են բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներն էլ, իսկ ԲՀԿ-ից հետո թվով երկրորդ ուժը, որն ամենաշատն է ստորագրել, ՀՀԿ -ն է:

Պատասխանելով Armlur.am-ի հարցին, թե այս ընթացքում փորձել եք կապ հաստատել Կարո Կարապետյանի հետ և զրուցել, վերջինս նշեց, թե դեռ չի զրուցել: «Կարո Կարապետյանը մեր խմբակցության անդամ է, ես որևէ խնդիր չեմ տեսնում և ես պատրաստ եմ զրուցել նաև Կարո Կարապետյանի հետ: Կարծում եմ, որ կզրուցեմ, որքան տեղյակ եմ` ինքը հիվանդանոցում է այս օրերին: Մենք այստեղ նրա հետ զրուցելու որևէ խնդիր չենք տեսնում, պատրաստ ենք նաև իր տեսակետը լսելու: Մեզ համար կարևորն արդար դատավարությունն է, բայց առաջնայինն այն է, որ այդ տարիքի կինը լինի ազատության մեջ և գնա մասնակցի դատավարությանը: Մենք իր հետ զրուցել ենք, ինքն ասաց, որ անմեղ է», – նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ ըստ տարածված որոշ տեղեկությունների, տեղի ունեցածը կապված է Գոհար Ենոքյանի եղբորորդու՝ Արայիկ Ենոքյանի հետ, ով արդեն մոտ վեց ամիս է` կալանավորված է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու հատկանիշով: Դեռևս ամիսներ առաջ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե Գ. Ենոքյանի եղբորորդին ֆինանսական որոշ խնդիրներ է ունեցել ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարոյի) հետ, ինչն էլ, ըստ երևույթին, ավարտվել էր հակամարտությամբ:




Լրահոս