ՄԻ ԶԱՐԿՈՎ՝ ԵՐԿՈՒ ՀԱՄԱՅՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Համայնքում հիմնախնդիրներ շատ կան: Չգիտեմ էլ` որը առանձնացնեմ: Կարող եմ ասել, որ ունենք խմելու ջրի, մանկապարտեզի հիմնանորոգման խնդիր: Հողերի մեծ մասը չի մշակվում գյուղտեխնիկայի, դաշտամիջյան ճանապարհների բացակայության պատճառով: Երիտասարդությունն էլ գյուղատնտեսության գործընթացին չի ինտեգրվում: Իրանց զբաղվածության հարցն էլ նրանք ինքնուրույն են լուծում»,-«Ժողովուրդ»-ի հետ  զրույցում ասում է Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանը:
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքը գտնվում է մայրաքաղաքից 144, մարզկենտրոն Իջեւան քաղաքից՝ 11, իսկ Ադրբեջանի սահմանից՝ 12 կմ հեռավորության վրա:  Անհիշելի    ժամանակներից այս տարածքը բնակեցված է եղել: Դա են վկայում տարածքից հայտնաբերված զենքերի տեսակները, կավե կարասները, սափորները եւ այլ հնագույն  առարկաներ: Բնակավայրը տարբեր ժամանակաշրջաններում օտար նվաճողների կողմից ենթարկվել է ավերումների եւ տեղահանումների: 1721թ. լեզգիների, 1723թ. թուրքերի ասպատակություններից եւ Մահմուդ աղա խանի 1795-97թթ. վայրագություններից գյուղն ավերվել է: 1799-1804թթ. Ղարաբաղի Ջրաբերդ եւ Գյուլիստան գավառներից վերաբնակիչները բնակություն են հաստատել գյուղի ներկա տարածքում:
1991թ. Խաշթառակ եւ Լուսահովիտ համայնքները տարանջատվել են եւ դարձել ինքնուրույն վարչական տարածքներ: Սակայն, գյուղապետի վկայությամբ, վարչական տարանջատումը կարծես միայն թղթի վրա է. «Բաժանվել ենք, սակայն օգտվում ենք նույն ճանապարհներից, մշակում ենք նույն հողատարածքները, նույն էլեկտրահաղորդակից հոսանք է մատակարարվում, օգտվում ենք նույն ջրակունքներից: Սրանք արդեն լուրջ հիմնախնդիրներ են առաջացնում: Չնայած ասեմ՝ Խաշթառակ գյուղի հիմնախնդիրները լուծելով, բնականաբար, կլուծվեն նաեւ Լուսահովիտ համայնքի հիմնախնդիրները»:
Համայնքն ունի 2054 բնակիչ: Տասը տարվա կտրվածքով խաշթառակցիների թիվը  նվազել է 124-ով: Գյուղապետի տվյալներով՝ 1991թ. սկսած` համայնքից մշտապես հեռացել է 85 ընտանիք:
«Համայնքում բնակչության աճ է կանխատեսվում: Սա պայմանավորված է մահացության ցածր եւ ծնելիության բարձր ցուցանիշներով: Երիտասարդներն էլ համայնքից անվերադարձ չեն հեռանում: Համայնքում կա շուրջ 200 երիտասարդ, բայց բոլորն էլ գնում են արտերկիր՝ ժամանակավոր աշխատելու,-ասում է գյուղապետը եւ հավելում, որ երիտասարդությունը ինքնուրույն է հոգում իր զվարճանքի հարցերը,-մի բան գտնում են, իրենց օրը հետաքրքրացնում: Եթե մշակույթի տուն չունենք,  ապա այդ հիմնախնդիրն էլ ո՞նց լուծենք»:
Խաշթառակի բնակչությունը հիմնականում զբաղվում է բուսաբուծությամբ, այգեգործությամբ: Սակայն համայնքապատկան 2366 հա հողերի մեծ մասը չի օգտագործվում: Ըստ գյուղապետի՝ հիմնական պատճառը գյուղտեխնիկայի բացակայությունն է, իսկ դաշտամիջյան ճանապարհներն էլ անմխիթար վիճակում են:
«Երիտասարդությունը չի ինտեգրվում գյուղատնտեսությանը, քանի որ հողի մշակությունից արդյունքը փոքր է լինում: Իսկ բերքն էլ չի իրացվում, քանի որ չկան ո՛չ վերամշակող կազմակերպություններ, ո՛չ իրացման համապատասխան շուկաներ»,-մտահոգվում է համայնքապետը:
Գյուղը մասնակի է ապահովված խմելու եւ ոռոգման ջրով: Հայկ Քամալյանի կարծիքով՝ համայնքի վերին թաղամասերի շուրջ 200-300 հա տարածքների ոռոգումը կարելի է ապահովել գյուղի լճերի վերագործարկման եւ ջրագիծ անցկացնելու միջոցով: Իսկ համայնքը խմելու ջրով ապահովելու համար գյուղապետն անհրաժեշտ է համարում 12 ջրակունքներում ջրահավաքի կառուցումը:
Խաշթառակի ղեկավարի տեղեկացմամբ` մշակույթի տունը, մանկապարտեզը, համայնքային կենտրոնը չեն վերանորոգվել կառուցման օրից: «Մանկապարտեզի շենքն անտանելի վիճակում է: Տարեկան մանկապարտեզ է հաճախում մոտ 28 երեխա, սակայն համայնքի 90 երեխա պահանջ ունի մանկապարտեզ հաճախելու»,-ցավով նշում է Քամալյանը: Վերջինս դժգոհում է նաեւ, որ համայնքում հեռարձակվում են միայն Հ1 եւ «Կենտրոն» հեռուստաալիքները:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս