ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԹԹՎԱՍԵ՞ՐԸ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես պնդում եմ, որ թունավորումը մեզանից չէ, եւ դրա համար ունեմ ապացույցներ»: Սա «Արցախկաթ» ընկերության տնօրենի հայտարարությունն է՝ կապված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մանկապարտեզներում երեխաների թունավորման հետ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի մանկապարտեզներից երեքում երեխաներն առողջության հետ կապված բողոքներ են ունեցել: Արդեն ինֆեկցիոն հիվանդանոցում պարզվել է, որ բոլորի մոտ նույն նախանշաններն են՝ թուլություն,  ջերմություն, փսխում, փորլուծություն: Նույն օրը առողջապահության նախարարության հիգիենայի եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունից հայտնել են, որ նախնական վարկածով՝ պատճառը սննդի մեջ հայտնաբերված աղիքային ցուպիկն է, իսկ կոնկրետ պատասխան տեսչությունում խոստացան տալ հաջորդ օրը:
Սակայն տեսչությունից պատասխան ստացվեց միայն հինգերորդ օրը: Հայտարարվեց, որ պատճառը «Արցախկաթ» գործարանի արտադրած թթվասերն է:
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, տեսչության կողմից գործարանը փակվեց: «Արցախկաթ»-ի  տնօրինությանն առաջադրվեց սանիտարահիգիենիկ միջոցառումների ցանկ, որի ամբողջական իրագործումից  հետո  գործարանը պետք է վերսկսեր իր աշխատանքը: Միջոցառումներն արդեն իրականացված են, եւ գործարանում սպասում են տեսչության  վերջնական պատասխանին:
Այնուամենայնիվ, «Արցախկաթ»-ի տնօրենը համոզված է, որ երեխաների թունավորման պատճառն այլ տեղ պետք է փնտրել:
«Մենք նույն կաթնամթերքն առաքում ենք մայրաքաղաքի բոլոր խանութները: Այդ օրը նույն խմբաքանակից առաքել ենք թե՛ խանութները, թե՛ շրջաններ ու հատկապես շրջաններում` մի շարք մանկապարտեզներ: Նույն թթվասերից ստացել են Բերձորի, Առաջաձորի, Մեղրու մանկապարտեզները»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց «Արցախկաթ» ՓԲԸ տնօրեն Արմո Ծատուրյանը: Նրա ներկայացմամբ` սեպտեմբերի 30-ին վաճառակետերից ետ վերադարձված կաթնամթերքից կերել են գործարանի աշխատողները եւ խնդրել են, որ իրենց հետ տուն տանեն: Ոչ մեկի մոտ առողջության հետ կապված խնդիր չի եղել:
«Ես ունեմ մի բանվոր՝ Մինասյան Ռուզաննա, որն ունի երկվորյակ աղջիկներ: Նրանցից մեկը ընդհանրապես կաթնամթերք չի ուտում, մյուսն ուտում է: Կաթնամթերք չուտողը թունավորվել է, մյուսը՝ ոչ: Մեկ այլ օրինակ էլ բերեմ: Երեխան, որ ոչ թե կաթնամթերք, այլ ընդհանրապես սպիտակ գույնի ոչ մի մթերք չի ուտում, էլի թունավորվել է: Հիվանդանոցում այդ երեխայի մորը ստիպել են, որ ասի՝ իբր թթվասեր է կերել այդ օրը: Դրանից բացի, նույն թթվասերից կերել են բնակիչները, եւ ոչ մեկի մոտ զգացողության վատացում չի եղել: Ես համոզված եմ եւ պնդում եմ, որ պատճառը մեր գործարանի մթերքը չէ, իսկ հիգիենայի եւ հակահամաճարակային հսկողության տեսչությունը պնդում է իրենը»,-հավաստիացնում  է Արմո Ծատուրյանը եւ որպես ասվածի ապացույց՝ հավելում, որ սեպտեմբերի 30-ին  վաճառակետերից վերադարձված կաթնամթերքից ուղարկել է Երեւան՝ համապատասխան հետազոտության: Սակայն այնտեղից ստացված բոլոր պատասխանները բացասական են. ոչինչ չի հայտնաբերվել:
Նշենք, որ վերադարձված ապրանքի արժեքը կազմել է ավելի քան 2 մլն 400 հազար դրամ:
«Նորից հեղինակություն վերականգնելը, աշխատանք սկսելը բավական բարդ կլինի, բայց մենք պատրաստ ենք հաղթահարել դժվարությունները: Կարեւորը՝ բնակիչների զգալի մասը մեզ է հավատում, ոչ թե տարածված լուրերին»,-վստահ է գործարանի տնօրենը:

ԲԵԼԼԱ ԼԱԼԱՅԱՆ
Արցախ




Լրահոս