Արտակ Նազարյանի մահվան գործով հոկտեմբերի 16-ի դատական նիստում շարունակվեց վերջինիս հետմահու կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Հակոբ Մանուկյանի պաշտպաններ Հրանտ Գեւորգյանի եւ Արմինե Ղասաբօղլյանի միջնորդության քննարկումը: Մեղադրող Հարություն Հարությունյանը դեմ արտահայտվեց միջնորդությանը՝ ասելով, որ նախկինում դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննությունը կատարվել է ոչ միայն վկաների նախաքննական ցուցմունքների, «այլեւ քրեական գործում առկա նյութերի հիման վրա, եւ որ քրեական գործում կան նաեւ զինծառայողների բացատրություններ»: Նաեւ ասաց, որ դատահոգեբանական փորձաքննության հեղինակը միայն Էլդա Գրինը չէ, որ փորձաքննությունը կատարել է դոկտորներից, ակադեմիկոսներից բաղկացած հանձնաժողովը, որի նախագահը Է. Գրինը չէ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը, սակայն վերապահումով: Շուշանյանը դեմ արտահայտվեց, որ փորձաքննության ենթարկվեն Ա. Նազարյանի ծոցատետրը եւ դրանից պոկված էջը: Ասաց, որ այդ ծոցատետրի հետ կապված առեղծվածային չբացահայտված հանգամանքներ կան: Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանն ասաց, որ փորձաքննության եզրակացության տակ Է. Գրինի ստորագրությունը չէ, այն նմանեցված է: Գեւորգյանը նշեց, որ, փաստորեն, դատարան է ուղարկվել չբացահայտված քրգործ, ու եթե դատարանը չունենա օբյեկտիվ անցկացված դատահոգեբանական, դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է վճիռ կայացնել:
Միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար դատավոր Ս. Մարդանյանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով հայտարարեց միջնորդությունը մերժելու մասին: Պաշտպան Գեւորգյանն ասաց, որ դատավորը իր միջնորդության հիմնավորումները ներկայացրեց կրճատված, աղճատված, որ ինքը չի առաջարկել Ա. Նազարյանի հետմահու համալիր դատահոգեբանական եւ հոգեբուժական փորձաքննություն անցկացնել, այլ միջնորդել է միայն հոգեբանական փորձաքննության անցկացման համար: Գեւորգյանը նաեւ նշեց, որ դատարանն ուշադրություն չդարձրեց այն հանգամանքի վրա, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տված եզրակացությամբ ՀՀ-ում գոյություն չունի միջին աստիճանի խմած վիճակում գտնված անձի (ըստ դատաբժիշկ-փորձագետի եզրակացության՝ մահվանից 1,5 ժամ առաջ Արտակը եղել է նման վիճակում) հոգեբանական վիճակը որոշելու պրակտիկա: Դատավորին մեղադրելով կողմնակալության, մեղադրող կողմի շահերը պաշտպանելու մեջ` Հ. Գեւորգյանը նրան ինքնաբացարկ հայտնեց: Միջնորդությանը միացան Վահագն Հայրապետյանի պաշտպան Լեւոն Պողոսյանը, տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը, վերջինիս ներկայացուցիչներ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ փաստաբան Մուշեղ Շուշանյանը: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դատարանը կախված է պետական մարմիններից եւ անկախ է միայն օրենքից: Դատավորն ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կկայացնի հոկտեմբերի 17-ի նիստում:
Տավուշ