Այսօր խորհրդարանում վարման կարգով խոսելիս ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կոչ արեց արժանապատվություն ունենալ և դեմ քվեարկել կառավարության ներկայացրած նախագծին: Նրա ելույթից հետո վարման կարգով հանդես եկավ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը և անդրադարձավ Զուրաբյանի խոսքին:
«Ես կարծում եմ` այս օրենքը հանրության մեջ սխալ է ընկալվել: Այդտեղ միգուցե և մեղք ունի նաև խորհրդարանը, և կառավարության ներկայացուցիչը, որը չկարողացավ հավուր պատշաճի ներկայացնել նախագիծը: Ես խորհուրդ եմ տալիս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին գնահատականներ չտալ այն ուժերին, որոնք առաջնորդվում են իրենց սկզբունքներով եւ իրենց մոտեցումներով: Եվ կոչեր չանեք արժանապատվությունների:
Յուրաքանչյուր քաղաքական ուժ քվեարկում է այնպես, ինչպես հարմար է գտնում, եւ եթե կան քաղաքական ուժեր, որոնք այլ կերպ են հասկացել նախագիծը կամ այլ կերպ են ցանկացել հասկանալ, իրենց պետք է եղել այլ կերպ հասկանալ, դա չի նշանակում, որ պիտի մոլորեցնել հանրությանը: Նախագիծը բացարձակապես այլ բանի մասին է»- նշեց նա: