«ԳՈՀԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴԵՌ ԿԱՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զրույցի այս հատվածում (սկիզբը՝ նախորդ համարում) պարզեցինք, թե ինչով է զբաղվել երգահան ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ Մոսկվայում, եւ ինչն է նրան պահում այստեղ:
-Տեսնելով այս գորշ պատկերը՝ ցանկություն չի՞ առաջանում այլ գործով զբաղվել, ուրիշ ոլորտում դրսեւորվել:
-Մոսկվայում ես դիզայներ-ոճաբան էլ եմ աշխատել: Բայց այստեղ բոլոր բնագավառներում էլ նույն սկզբունքն է գործում. կա՛մ մեջք պետք է ունենաս, կա՛մ փող, կա՛մ էլ շնորհք՝ մարդկանց քծնելու, որը ես ոչ մի կերպ չեմ սովորում: Դրա համար էլ չեմ փորձում որպես դիզայներ աշխատել, քանի որ կոռումպացված է, ամեն կազմակերպության ղեկավար հենց ինքն է դիզայներ, ուրիշին չի ուզում, առավել եւս՝ իրենից լավին: Այնպես որ, միայն շոու բիզնեսում ու երաժշտության մեջ չէ այդ իրավիճակը, ուղղակի մեր բնագավառում ամեն ինչ ավելի ակնհայտ է:
-Խոսեցիք շոու բիզնեսից, բայց Հայաստանում կա՞ շոու բիզնես, թե՞ դա պատրանք է, մենք էլ իներցիայով կրկնում ենք:
-Հայաստանում շոու բիզնես այսպես թե այնպես չի կարող լինել, ուղղակի ասում ենք: Եթե մեկը 5000-անոց դահլիճ է վերցնում ու լցնում, դա այնքան քիչ է, օրինակ, Մոսկվայի կամ մեկ այլ մեծ քաղաքի համեմատ, որի բնակչությունը վստահաբար միլիոնից անցնում է: Իսկ Հայաստանում այսօր երեւի 1 միլիոն էլ չի մնացել: Ինչ համերգ էլ դնես, միեւնույն է, դու դրանով գումար չես վաստակելու: Էլ չեմ ասում, որ դահլիճները վարձակալելու համար այնպիսի գներ են դրված, որ եթե ամենաթանկ գներով էլ դու դահլիճը լցնես, միեւնույն է, էլի գումար չես վաստակի, քանի որ ամեն ինչի համար ահավոր արհեստական թանկ վճարներ են` լույս, տեխնիկա, մնացած բաներ… Ու եթե այդ ամենը չլինի, համերգ էլ չես կարողանա կազմակերպել, բայց դրանց համար էլ վճարել է պետք, եթե հովանավոր էլ չունես, մոռացի՛ր մենահամերգի մասին: Հովանավորն էլ իր հերթին արդեն գիտի՝ ում է անում, ինչի համար է անում: Ամեն մարդ այդ հովանավորներից չի կարող օգտվել: Ստացվում է, որ շրջանակն արհեստական փակված է, որ իրենց մարդկանցից բացի, էլ ոչ մեկն էնտեղ մուտք չի կարող գործել: Իսկ Ռուսաստանում այդպես չէ: Հազար ու մի մարդ կարող է դահլիճ վարձակալել, տարբեր դահլիճներ կան, ժողովուրդ հավաքելն էլ շատ ավելի հեշտ է, բնակչությունը մեծ է, մարդկանց նախասիրություններն էլ՝ շատ տարբեր:
Ամեն մի կատարող՝ նույնիսկ ոչ այդքան ճանաչված, կարող է դահլիճ լցնել, որը Հայաստանի համար անհավանական է: Մեր բնակչությունը քիչ է, մարդկանց ձեռքին գումար չկա, անգամ շատերը մեծ ցանկության դեպքում էլ, երբ նայում են տոմսերի գներին, հասկանում են, որ ի վիճակի չեն համերգ գնալ:
-Երբ այս խնդիրներին բախվում եք, չե՞ք ուզում կրկին վերադառնալ Մոսկվա:
-Դե չեմ ուզում լքել հայրենիքս: Տարիներ առաջ, երբ դեռ երիտասարդ էի ու հետ եկա՝ էստեղ շարունակելու մտքով, փառք Աստծո, անունս օգնեց, որ շարունակեմ գործունեությունս: Տեսա, որ իմ սերնդի մեծամասնությունն արդեն գոյություն չունի այս ասպարեզում՝ չնայած նրանք շատ ավելի շնորհալի ու տաղանդավոր են, քան նրանք, ովքեր այսօր կան այս բնագավառում: Հիմա ես կարծում եմ, որ պետք է մնամ, այստեղ էլ եմ վոկալի դասեր տալիս, Մոսկվայում էլ եմ տվել, եթե կրկին պետք է ուսուցիչ լինեմ, ի՞նչ տարբերություն՝ որտեղ կլինեմ:
Մի այլ բան էլ կա. ընտանիքս ապրել է ազգային արժեքներով, չենք կարող հենց էնպես թողնել ու գնալ: Այլ բան է, որ ժամանակավոր գնում ես՝ գումար վաստակելու ու կրկին վերադառնում, այլ բան է, երբ որոշում ես այս տարիքում գնալ, նշանակում է՝ պիտի արդեն մնաս: Մի բանի հասնել, հետո կորցնել՝ արդեն տարիքս թույլ չի տալիս: Հետո էլ ես ուզում եմ, որ երեխաս հայրենիքում ապրի, ոչ օտարության մեջ:
-Ինչի՞ պակաս ունեք որպես արվեստագետ:
-Դե ամեն արվեստագետ ցանկություն ունի գնահատվելու: Փառք Աստծո, չեմ բողոքի, մոռացության մատնված չեմ: Մյուս կողմից հասկանում եմ, որ այն, ինչ ունեմ, արդեն շատ է, քանի որ տեսնում եմ, որ կողքինս դա էլ չունի: Որպես ստեղծագործող մարդ՝ ցավ եմ ապրում, որ այդ չնչին տոկոսի մեջ եմ, բայց դե գոհանում եմ, որ դեռ կամ:
-Ինչի՞ կարիք ունեք որպես կին:
-Ինչպես բոլոր կանայք, այնպես էլ ես: Եթե տղամարդու համար սերը պարտադիր օրգանական պահանջ չէ, բոլոր կանանց համար սերը պարտադիր է: Որպես կին, իհարկե, սիրո կարիք ունեմ:
-Իսկ որպես քաղաքացի՞:
-Արդար պետության, որ վստահ ապրեմ իմ հողի վրա:
-Հավատո՞ւմ եք Հայաստանի վաղվա պայծառ օրվան:
-Հավատալը հավատում եմ, բայց Աստված եմ կանչում, որ ես էլ տեսնեմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս