Շաբաթ օրը Նեպալում գրանցված երկրաշարժը մի քանի ընդհանրություն ունի 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետ: Առաջին նմանությունն այն է, որ երկու երկրաշարժերն էլ տեկտոնական ծագում ունեցողներ են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:
«Ե´վ Նեպալինը, և´ Սպիտակի երկրաշարժը տեկտոնական ծագում ունեցող երկրաշարժեր են: Այսինքն տեկտոնական ծագում ունեցող սալերի տեղաշարժման արդյունք է»,- ասաց Պետրոսյանը: Վերջինիս խոսքով` ևս մեկ նմանություն է այն, որ Նեպալի երկրաշարժը ևս տեղի է ունեցել առավոտյան նույն ժամին` տեղի ժամանակով 11:40-ին: Նեպալի և Սպիտակի երկրաշարժերի էպիկենտրոնի խորությունները ևս մեծ չէին` 10-12 կմ, սա ևս նմանություն է:
Armlur.am-ի հարցին` քանի՞ տարին մեկ է տեղի ունենում նման հզոր երկրաշարժ. Պետրոսյանը ներկայացրեց տարբեր տարիների վիճակագրություն: Եվ այսպես` 6 և ավելի մագնիտուտ հզորությամբ երկրաշարժեր աշխարհում տեղի են ունեցել. 2010թ.-ին` 174 անգամ, 2011-ին` 212, 2012-ին` 144, 2013-ին` 154, 2014-ին` 153 և 2015 թվականին առ այսօր` 40 ուժեղ երկրաշարժ: Իսկ կոնկրետ Նեպալում նման ուժգնությամբ երկրաշարժ գրանցվել է 80 տարի առաջ:
Պետրոսյանը նշեց, որ պատմության մեջ 9 և ավելի մագնիտուտ հզորությամբ երկրաշարժեր գրանցվել են 5 անգամ` 2011-ին Ճապոնիայի Ֆուկուսիմայի երկրաշարժը, 1960-ին` Չիլիում, եղել է նաև Լիսաբոնում և այլն:
Պետրոսյանը նաև ներկայացրեց մեր տարածաշրջանում 5 և ավել մագնիտուտ հզորությամբ երկրաշարժերի հաճախականությունը: 2010 թվականին գրանցվել է 5 երկրաշարժ, 2011-ին` 17, 2012-ին` 11, 2013-ին` 1, 2014-ին` 4 և 2015 թվականին առ այսօր` 0: Կարելի է փաստել, որ և´ աշխարհում, և´ Հայաստանի տարածաշրջանում հզոր երկրաշարժեր ավելի շատ գրանցվել են 2011 թվականին: Armlur.am-ի հարցին, ինչո՞վ է պայմանավորված եղել դա, Պետրոսյանը նշեց` երկրակեղևի սեյսմիկ ակտիվությունն ունի պարբերական բնույթ: «Երկրի մագնիսական բնական դաշտի պարամետրերը 11 տարին մեկ փոփխվում են: Դրանց բացատրությունը գնում, հասնում է երկրակեղևի կառուցվածք: Իսկ երկրակեղևի հաստությունը երկրագնդի չափերի համեմատ նույն հարաբերականությունն ունի, ինչպես ձուն և կեղևը»,- մեկնաբանեց Հրաչյա Պետրոսյանը:
Վերջինս նա հավելեց, որ կոնկրետ Նեպալի օրինակով եթե խոսենք, ապա այդ տարածաշրջանի բնակչության համար սպասելի պետք է լիներ նման երկրաշարժը և հետցնցումները: