Նեպալում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ փլուզվել են աղյուսե շենքերը, քանի որ դրանց դեպքում սեյսմիկ անվտանգության նորմերը պահպանված չեն եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Սեյսմիկ պաշտպանության ծառայություն գործակալության շենք-շինությունների բաժնի պետ Գուրգեն Նամալյանը` խոսելով օրեր առաջ Նեպալում գրանցված երկրաշարժի մասին: Վերջինիս խոսքով` ուսւմնասիրելով երկրաշարժի լուսանկարները, բացահայտ երևում է, որ փլուզված շենքերը աղյուսե, ցածրահարկ շենքեր են եղել: Նա նկատեց` Նեպալում բարձրահարկ շենքեր գրեթե չկան: Իսկ այդ ցածրահարկ շենքերը կառուցված են եղել` առանց հաշվի առնելու սեյսմիկ գոտին և անվտանգության նորմերի խախտումով:
Գ. Նամալյանը նշեց, որ շենքերի կառուցման ժամանակ պետք է շատ ճշգրիտ հաշվարկել շենքի կառուցման վայրի սեյսմակայունությունը, ճիշտ կառուցել շենքերը և ճիշտ օգտագործել դրանք: Նրա խոսքով` Գյումրիում էլ երկրաշարժի ժամանակ մեծամասամբ փլուզվել էին ցածրահարկ շենքերը: Նամալյանն ասաց, որ այսօր հնարավոր է շենքեր կառուցելու ժամանակ ճշգրիտ կանխատեսել սեյսմիկ վտանգները:
Armlur.am-ի հարցին, այսօր Երևանում օր օրի նոր շենքեր են կառուցվում, ինչքանո՞վ են դրանք սեյսմիկ անվտանգության առումով ապահով, Նամալյանը պատասխանեց. «Բարեբախտաբար մեր մոտ հանրապետությունում շենքերը կառուցվում են երկաթբետոնե հիմնակմախքով, ինչը շատ կարևոր է: Այսօրվա շենքերը կառուցվում են` հաշվի առնելով սեյսմիկ անվտանգությունը և կարող եմ ասել, որ գրեթե բոլոր շենքերը կառուցվում են ստանդարտներին համապատասխան»: Բանախոսի խոսքով` նաև շատ կարևոր է, թե ինչ գրունտի վրա է կառուցվում տվյալ շենքը: Իսկ Հայաստանը սեյսմիկ վտանգավոր գոտում է, դա գաղտնիք չէ, իսկ կոնկրետ Երևանը գտնվում է սեյսմիկ 3-րդ գոտում, որտեղ կարող են տեղի ունենալ ոչ այնքան հզոր երկրաշարժեր: