Եթե ընդդիմությունը մյուս ընդդիմության դեմ խոսում է, ապա դա «մուտիլովկա» է. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանում բուռն քննարկումների էր արժանացել: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ ինքը չի քվեարկել ԵՏՄ անդամակցության օգտին, սակայն իշխանություններին հիշեցնում է` այն, ինչ նրանք կատարում են ՌԴ նկատմամբ, պարզապես խուլիգանություն է։ Նա ընդգծեց, որ ԵՏՄ անդամակցության համաձայնագրում հստակ նշված է, որ պետք է լինի աշխատուժի ազատ տեղաշարժ և անդրադառնալով Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի այն խոսքին, որ փոքր գումար է, և ՌԴ-ն բան չի ասի, նշեց.

«Տեսեք` ասում են, որ փոքր գումար է, բան չեն ասի, սա նշանակում է անել ախպերավարի, բայց նման պատասխան չեն տալիս, դա «քյաբաբություն» է, ուրեմն` դու «քյաբաբչի» ես, իսկ ես «քյաբաբչիների» հետ չեմ բանավիճի։ Բա՞ որ մեկը նամակ գրի ԵՏՄ անդամ 3 պետությունների ղեկավարներին, ախր, արդեն ԵՏՄ դատարան էլ կա»:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ այս օրենքն արտահերթ նիստում քննարկելը միտում ուներ ծածկադմփոց անելու: Նա նաև անդրադարձավ որոշ ընդդիմադիրների պահվածքին:  «Երբ որ իրենք չեն կարում, սկսում են ընդդիմությանն օգտագործել, սակայն ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ եթե ընդդիմությունը մյուս ընդդիմության դեմ խոսում է, ապա դա ընդդիմություն չէ, այլ՝ խամաճիկություն, դա «մուտիլովկա» և խառնակչություն է»,- ընդգծեց Բագրատյանը։

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս