Երեկ` մայիսի 5-ին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների մասին քաղաքական ուժերի` գրավոր առաջարկներ ներկայացնելու ժամկետը: Հայտնի է, որ քաղաքական ուժերից միայն ՀՅԴ-ն է իր առաջարկությունները ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին:
Armlur.am-ը խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերից փորձեց ճշտել, թե որն է գրավոր առաջարկներ չներկայացնելու պատճառը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինա Բիշարյանը նշեց, թե սահմանադրական բարեփոխումների փաստաթուղթը չկա: «Երբ որ կլինի նման փաստաթուղթ, դրա հիման վրա մենք մեր առաջարկությունները կանենք: Նախագիծը կքննարկենք, իրենց տարբերակները կասեն, մենք էլ այդ նախագի վերաբերյալ մեր առաջարկները կանենք, կքննարկենք», – նշեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նշեց` իրենք ի սկզբանե ասել էին, որ խորհրդարանական կառավարման մոդելի առնչությամբ առաջարկներ չէին ներկայացնելու: «Եթե լինեն քննարկումներ, առաջարկներ, տարբերակներ կիսանախագահական մոդելի պահպանման վերաբերյալ, միայն այդ ժամանակ մենք առաջարկներով հանդես կգանք», – նշեց նա:
ՀՀՇ խորհրդի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ նշեց, թե իրենք միայն բանավոր առաջարկներ են ներկայացրել և գրավոր առաջարկություններով հանդես չեն եկել: