Այսօր մայիսի 7-ն է, տարվա 127-րդ օրը: Տարվա ավարտին մնում է 238 օր։ Տարբեր տարիներին այս օրը տեղի են ունեցել մի շարք ուշագրավ իրադարձություններ: Դրանց թվում է հայ միջնադարյան հոգևորական, քրիստոնյա աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Գրիգոր Նարեկացու ծնունդը:
Նարեկացին ծնվել է եկեղեցական գործիչ, աստվածաբան Խոսրով Անձևացու ընտանիքում: Նարեկավանքի դպրոցում աշակերտել է փիլիսոփա, մատենագիր և բանաստեղծ Անանիա Նարեկացուն: Եղել է վարդապետ և մինչև կյանքի վերջն ապրել է Նարեկավանքում: Վանքի տարածքում Նարեկացու հիշատակին կառուցվել է մատուռ, որտեղ էլ ամփոփվել է նրա աճյունը:
Նարեկացին գրել է ներբողներ, գանձեր, տաղեր, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերներ են: Գրիգոր Նարեկացուց մեզ են հասել նաև «Մեկնություն երգոց Սողոմոնի» (997 թ.), «Ապրանից Սուրբ Խաչի պատմությունը» (980-ական թվականներ) երկերը և այլ գործեր:
Նարեկացու գլուխգործոցը «Մատյան ողբերգության» պոեմն է. բաղկացած է 95 գլխից (բանք), որոնցից յուրաքանչյուրն սկսվում է «Ի խորոց սրտի խոսք Աստծու հետ» տողով: «Մատյան ողբերգության» պոեմը հոգու խորքից բխած զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկությանը պարուրած վշտերն ու ցավերը, կասկածներն ու համոզմունքները, մեղքերն ու խոստովանանքները, ինքնադատապարտման ու ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը:
Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակը Նարեկացու մասին ասել է. «Միայն իր մի քանի Տաղով Նարեկացին կդառնար մեր առաջին մեծ բանաստեղծը: Բայց նա կերտեց նաև իր «Մատյանը», որ մեր բանաստեղծության Աղթամարա վանքն է՝ լոկ այն զանազանությամբ, որ «Մատյանը» անկործանելի է ստուգապես»:
«Նարեկացին՝ բանաստեղծական չափազանցությունների ինքնիշխան տերն ու լիազոր տնօրենը, օժտված է մի հոգով, որ նման է գոգավոր հայելու. ոսպնյակը հավաքում է ամենահեռավոր և միմյանցից զատված ճառագայթները և միացնելով կենտրոնացնում մեկ կիզակետում: Այսպես է, որ ծովի ջրերը փոխվում են թանաքի, բազմասպարեզ ընդարձակությամբ դաշտերը՝ թղթի, անտառները՝ գրիչների, և սակայն դարձյալ չեն կարողանում գրանցել բանաստեղծի ողջ ասելիքը…»:
Նշենք, ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: