Շիրակի մարզում հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել “Արփի լիճ” ազգային պարկի բացումը, տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Մասնավորապես` Ղազանչի գյուղում բացվել է այցելուների կենտրոն, իսկ բերդաշեն համայնքում` “Արփի լիճ” ազգային պարկի վարչական շենքը, հյուրատուն եւ ավտոտնակներ: Բացման արարողությանը մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
“Արփի լիճ” ազգային պարկը հիմնադրվել է ՀՀ բնապահպանության նախարարության եւ Վայրի Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից: Ֆինանսավորումն իրականացրել է Գերմանիայի կառավարությունը` Վերակառուցման եւ զարգացման բանկի միջոցով ֆինանսավորված “Պահպանվող տարածքների ստեղծում Հայաստանի Ջավախքի (Աշոցք) տարածաշրջանում” ծրագրի շրջանակներում:
“Արփի լիճ” ազգային պարկի ստեղծման ծրագիրը մեկնարկել էր 2007-ից, նախատեսված էր ավարտին հասցնել եռամյա ժամկետում` մինչեւ 2010-ը: Սակայն բնակլիմայական պայմանների խստության պատճառով աշխատանքների ավարտը հետաձգվել է մինչեւ 2012 թ.:
Ազգային պարկի ստեղծման նպատակն է պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի յուրահատուկ կենսաբազմազանությունը` Վրաստանի եւ Թուրքիայի հետ սահմանին, միաժամանակ նպաստել Շիրակի մարզում համայնքային կայուն զարգացմանը:
“Արփի լիճ” Ազգային պարկի ընդհանուր տարածքը կազմում է մոտ 62.000 հա: Պարկի տարածքում աճում է մոտ 670 տեսակի բույս, որոնցից 22 տեսակը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, ապրում է 30 հազվագյուտ տեսակի կաթնասուն, հայտնաբերվել է թռչունների մոտ 200 տեսակ, որոնցից 40 տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: