Հոկտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասուլիս էր հրավիրել, որտեղ շատ հանգամանալից ներկայացրեց նախարարության գործունեության 4-րդ տարվա արդյունքներն ու ձեռքբերումները: Սակայն նախարարության աշխատակիցներից մի քանիսը «Ժողովուրդ»-ին այլ բաներ պատմեցին՝ շեշտելով, որ այսօր սփյուռքի նախարարությունը կատարում է ՀՀ մշակույթի նախարարության գործառույթը:
Աշխատակիցներից մի քանիսի մեկնաբանմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարության ստեղծման օրվանից՝ 2008թ. հոկտեմբերի 1-ից մինչ այժմ՝ այս չորս տարիների ընթացքում, նախարարության շուրջ 100 աշխատակիցներ դուրս են եկել աշխատանքից, քանի որ նախարարի հետ «յոլա» չեն գնացել: Բանն այն է, որ նախարար Հրանուշ Հակոբյանը միայնակ է գործուղումների մեկնում, ինչն էլ առաջացրել է նախարարության աշխատակիցների դժգոհությունը:
«Բացի այդ, սփյուռքի նախարարության գործառույթը ոչ միայն գործուղումներն է, այլեւ արտերկրից ներդրումներ բերելը: Սակայն այս ընթացքում ոչ մի ներդրում անգամ չի կատարվել»,-մանրամասնեց նախարարության աշխատակիցը, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում:
«Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունները ճշտել Հ. Հակոբյանից, որն ասաց, որ դրանք մտացածին են: «Իրական պատկերը հետեւյալն է. նախարարությունում աշխատողները բավական ցածր են վարձատրվում՝ 40 000-ից մինչեւ 120 000 դրամ, այդ պատճառով կա, իհարկե, հոսունություն, որովհետեւ մարդիկ գտնում են ավելի բարձր աշխատավարձով աշխատանք: 36 հոգի, մեր նախարարությունում աշխատելով, պետական կառավարման այլ մարմիններ են գնացել աշխատանքի, մասնակցել մրցույթի եւ ավելի բարձր պաշտոնի են անցել: Ինչ վերաբերում է գործուղումներին, նշեմ, որ 4 տարվա ընթացքում գործուղումների գնացել եմ 30 անգամ, նախարարության աշխատակիցները՝ 64 անգամ: Աշխատակիցները պետք է կարողանան հասկանալ, ճանաչել սփյուռքը, ապա նոր մեկնեն գործուղումների, որպեսզի կարողանան ներկայացնել նախարարության կամ տվյալ վարչության տեսակետները»,-ասաց նախարարը:
Հարցին, թե արդյոք նախարարության միջոցով ներդրում կատարվել է ՀՀ-ում, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Անցնող տարիները օգնեցին, որ սփյուռքը, հատկապես խոշոր կառույցներն ու կազմակերպությունները, ընդունեն, հավատան, վստահեն նախարարությանը, վկան այն բոլոր ձեռնարկներն են, միջոցառումները, որոնք մենք իրականացնում ենք: Նրանք համեմատության մեջ տասնապատկվել են ե՛ւ քանակական, ե՛ւ երկրների, կազմակերպությունների մասնակցության առումով: Սփյուռքի նախարարության առաքելությունն է բոլոր ծրագրերով, գործունեությունով կարողանալ սփյուռքն ավելի սերտացնել հայրենիքին, համակարգել սփյուռքի հետ տարվող աշխատանքները պետական եւ ոչ պետական ոլորտներում»:
Բայց հայտնի է, որ բացի սիրիահայերից, առանձնապես մեծ հոսք չի նկատվում դեպի ՀՀ, եւ «Արի՛ տուն» կամ այլ տիպի մշակութային երանգներ ունեցող միջոցառումները կարծես արդյունք չեն տվել: Ինչո՞ւ չի ստացվում: «Նախարարության իրականացրած տարբեր ծրագրերի ու նախաձեռնությունների արդյունքում նպաստել ենք զբոսաշրջության զարգացմանը, որը վերջին 3 տարին ավելացել է 30 տոկոսով, նպաստել ենք սփյուռքահայ երիտասարդության՝ Հայաստանում սովորելուն, որը կրկնապատկվել է, ուրախ ենք, որ կան ավելի քան 1000 հայրենադարձվածներ, որոնք ապրում ու գործունեություն են ծավալում ՀՀ-ում»,-եզրափակեց Հակոբյանը:
4 ՏԱՐՎԱ ՄԵՋ 100 ՀՈԳԻ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ