ԱՆՄԵՂ Է ՁԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փուչիկների գործով մեղադրվող Սերոբ Բոզոյանը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց 1 տարվա ազատազրկման: Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀԿ նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթել էին ՀՀԿ կարգախոսով փուչիկները, եւ դրանց հրդեհի արդյունքում ավելի քան 200 հոգի մարմնական վնասվածքներ էին ստացել: Ու դրանից հետո ամբաստանյալի աթոռին հայտնվեցին ոչ թե այդ միջոցառման կազմակերպիչները, որոնք պատահական մարդու մոտ էին լիցքավորել փուչիկները, այլ հենց այդ «բիզնեսով» զբաղվող Բոզոյանը: Ուշագրավն այն է, որ դատավճռի հրապարակումից հետո այդ հանրահավաքի կազմակերպիչներից Կարեն Ավագյանը՝ երիտասարդներին հրապարակ «առաջնորդած» ՀՀԿ-ական պատգամավորը, հայտարարություն տարածեց, թե ինքն իրեն այս ամենի համար պատասխանատու չի համարում: Ավելին, իր ասելով՝ գիշերները հանգիստ քնում է: Այնինչ Բոզոյանի փաստաբան Կարեն Մանուչարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Սերոբն իր պատվիրատուներին, այսինքն՝ միջոցառման կազմակերպիչներին, զգուշացրել է մեթանով փուչիկների վտանգավորության մասին»: Առայժմ հայտնի չէ՝ դատավճիռը կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ դատարան, թե ոչ. ըստ Մանուչարյանի՝ Բոզոյանը դեռ նման ցանկություն չի հայտնել:




Լրահոս