ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳ. ՆՎԱԶԵՑՆԵԼ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ աղքատության դեմ պայքարի միջազգային օրն էր: Իշխանության ներկայացուցիչները, որ ամեն անգամ առիթը բաց չեն թողնում նման միջազգային օրերն արժեւորելու, ծերերին շնորհավորելու եւ այլ ուղերձներ հղելու համար, երեկ, բերանները ջուր առած, լռում էին: Անգամ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը որեւէ կերպ չանդրադարձավ օրվա խորհրդին, թեեւ դա վերաբերում էր իրենց ոլորտին:
Իսկ ի՞նչ է անում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն աղքատության դեմ պայքարում: Ինչպես միշտ, պայքարում է ոչ թե աղքատության, այլ աղքատության ցուցանիշների դեմ:
Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում աղքատությունը դարձել է թիվ 1 խնդիրը, եւ այդ մասին ահազանգում է անգամ պաշտոնական վիճակագրությունը. եթե 2008թ. ՀՀ-ում աղքատության ցուցանիշը կազմում էր 17,6 տոկոս, ապա այժմ այն անցել է 30 տոկոսի սահմանը: Օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ պնդեց, թե ՀՀ-ում աղքատությունը կազմում է մոտ 30 տոկոս: «Մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը ՀՀ-ում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, եւ դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է նա ու շարունակել պատմել տնտեսական աճի մասին հեքիաթը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ իշխանական վերին օղակներում որոշում է կայացվել առաջիկայում աղքատության ցուցանիշն իջեցնել 27 տոկոսի: Իսկ որպեսզի դա հնարավոր լինի անել, ներքին հրահանգ է իջեցված՝ մի փոքր մանիպուլյացիա անել թվերի հետ ու մարդկանց եկամուտները դե յուրե ավելացնել: Այսօր ՀՀ-ում աղքատության նվազագույն շեմ համարվում է 35 հազար դրամը: Այսինքն՝ ամսական 35 հազար դրամ եւ պակաս եկամուտ ունեցող քաղաքացիները համարվում են աղքատ: Ու հիմա իշխանական վերնախավում ներքին հրահանգ կա՝ աղքատության նպաստները 1000-2000 դրամով բարձրացնելով, նաեւ՝ սոցիալապես անապահովներին գազի սպառման համար պետական աջակցություն ցուցաբերելով՝ ցույց տալ, թե ամսական եկամուտն անցել է 35 հազար դրամից: Արդյունքում՝ էականորեն կկրճատվի աղքատության ցուցանիշը:
Այս առիթով Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ ՀՀ-ում աղքատությունը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է պաշտոնապես: «Եթե ռեալ հաշվարկ կատարենք, նկատի ունենանք նվազագույն սպառողական զամբյուղի շեմը, էլ չասեմ՝ աղքատության նվազագույն շեմը, ապա աղքատությունն ավելի բարձր կլինի»,-նշեց նա: Վ. Խաչատրյանի խոսքով՝ որպես նվազագույն սպառողական զամբյուղի շեմ՝ հաշվարկվում է 55 հազար դրամը. այդ գումարի մեջ են մտնում ե՛ւ սննդի, ե՛ւ հագուստի, ե՛ւ կենցաղային ծառայությունների ծախսերը: Մինչդեռ այսօր ցանկացած քաղաքացի գիտի, որ ամսական 55 հազար դրամ գումարը ոչ մի կերպ բավարար չէ ապրելու համար, մանավանդ Հայաստանում պարբերաբար տեղի ունեցող գնաճի ֆոնին:
«Մեր համեստ հաշվարկներով՝ առնվազն 100-110 հազար դրամ է անհրաժեշտ ապրելու համար, այսինքն՝ միջին աշխատավարձի չափ,-ընդգծեց Խաչատրյանը՝ հավելելով,-ինձ համար Տիգրան Սարգսյանի հաստատումն է անընդունելի, Հայաստանում աղքատության փաստն է անընդունելի: Այս հայտարարությունները պատիվ չեն բերում ո՛չ նրան, ո՛չ Հայաստանին»: Նաեւ նշեց, թե իշխանությունները, աղքատության ցուցանիշների մասին խոսելուց բացի, պետք է բացատրություն տան, թե ինչու է նման պատկեր ստեղծվել. «Մարդիկ աղքատ են, քանի որ օբյեկտիվ պատճառնե՞ր կան, թե՞ աղքատ են այս իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականության հետեւանքով: Ես համոզված եմ՝ երկրորդ պատճառն է»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս