Բանակը դառնում է «բարդակ», երբ զորամասերում հրամանատարական կազմը զբաղված է իր բիզնեսով եւ իր գործողություններով կամ անգործությամբ խթանում է որոշ զինծառայողների` քրեական տարրերին բնորոշ պահվածքը: Այս պահին հայտնի չէ՝ ամբաստանյալ Միհրդատ Բագրատյանի ծառայած զորամասի հրամանատարությունն ինչով է զբաղված եղել, բայց գոնե քրեական գործի նյութերից կարելի է եզրակացնել, որ նրանք առնվազն ծառայողական անփութություն են դրսեւորել եւ հնարավորություն տվել Մրոյին` ինչ ուզի, անի հենց իրենց քթի տակ:
Արմավիրի մարզի Արազափ գյուղի բնակիչ 20-ամյա Միհրդատը` Մրոն, որը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում որպես ռադիոջոկի հրամանատար, իր ղեկավարած ստորաբաժանումը դարձրել է «բարդակ», «ռեկետանոց», «գողերի ոհմակ», որից տուժել են ոչ միայն 30-ից ավելի զինծառայողներ, այլեւ հենց «ոհմակի անդամները», որոնք դժվար թե իրենց կամքով «հանցագործություններ» կատարեին: Եւ այսպես, Միհրդատը, երկար ծառայելուց հետո, դառնալով «դեմբել», իր «կարգուկանոնն» ու այն պահպանելու որոշակի մեթոդներ է մշակել. նախ՝ շարքային Գագիկի (անունը փոխված է) վերաբերյալ ինչ-որ ձեւով արատավորող տեղեկություններ է հավաքել կամ ինչ-որ բան է արել նրա հետ եւ նկարել (ինչը վերջերս լայն տարածում ստացած երեւույթ է դարձել) ու սկսել սպառնալ նրան, որ եթե իր ասածները չանի, զորամասում կտարածի նրա մասին իր ունեցած տեղեկությունները:
Դեռ չենք կարող ասել, թե ինչ կարգի արատավորող տեղեկություններ են եղել դրանք, բայց մի բան պարզ է, որ դրանք այնքան արատավորող են եղել, որ Գագիկը կատարել է հրամանատար Միհրդատի բոլոր անօրինական հրահանգները: Վերջինս Գագիկից պահանջել եւ ստացել է նրա` 2011թ. նոյեմբերից 2012թ. փետրվար ամիսների դրամական բավարարումները: Հետո նույն ամիսներին նույն սպառնալիքով Գագիկին մաքրել է տվել զորամասի զուգարանը, լվանալ է տվել մի ամբողջ գումարտակի ժամկետային զինծառայողների զինվորական համազգեստները, ինչի դիմաց գումարտակի զինծառայողներից պահանջել եւ ստացել է 144 000 դրամ ընդհանուր գումար: Բացի այդ, Գագիկի հետ գալով նախնական համաձայնության` Միհրդատը նրա հետ միասին զորանոցի մի շարք ժամկետային զինծառայողների մոտից հափշտակել է տարբեր արժողության իրեր, որոնց ընդհանուր գումարը կազմել է 81 000 դրամ: Այդ ամենից զատ՝ 2011թ. դեկտեմբերից մինչեւ 2012թ. մարտն ընկած ժամանակահատվածում, համաձայնության գալով՝ կազմակերպել եւ ղեկավարել է զինծառայողներ՝ Լեռնիկ Ա.-ի, Գագիկ Մ.-ի եւ Սահակ Խ.-ի գործողությունները. նրանք միասին հանգստի ժամերին պարբերաբար 5-րդ հրաձգային գումարտակի զինծառայողների համազգեստների գրպաններից գաղտնի հափշտակել են զգալի չափերի հասնող՝ 135 500 դրամի գումար:
2012թ. փետրվարից մինչեւ մարտ ընկած ժամանակահատվածում Միհրդատը կազմակերպել եւ ղեկավարել է շարքային Լեռնիկի կողմից զինծառայողների համազգեստների գրպաններից 47 500 դրամի հափշտակությունների կատարումը: Իսկ հունվար ամսին՝ ժամը 17:00-ի սահմաններում, զորամասի առանձին դասակների զորանոցում իրեն քիչ գումար տալու պատճառով ստորացրել է շարքային Գագիկի պատիվն ու արժանապատվությունը` թքելով նրա երեսին:
Իսկ երբ ամեն ինչ բացահայտվել է, հրամանատար Միհրդատ Բագրատյանի հետ միասին քրեական պատասխանատվության են կանչվել նաեւ նրա` վերոնշյալ ենթակաները, որոնք ստիպված կամ կամավոր համաձայնել են հրամանատարի հետ միասին կամ նրա ցուցումով հանցագործություններ անել, գողացած գումարի առյուծի բաժինն էլ տալ Միհրդատին:
Կոնկրետ հրամանատար Միհրդատին միանգամից մի քանի հոդվածներով նախատեսված մեղադրանք է առաջադրվել` գողության, գողություններ կազմակերպելու, զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները խախտելու եւ դրամաշորթության համար: Իսկ մյուսներին մեղադրանք է առաջադրվել միայն գողություն կատարելու դրվագով: Հրամանատարին կալանավորել եւ տարել են ԼՂՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկ, իսկ մնացածի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Այստեղ ուշագրավն այն է, որ Լեռնիկին, Գագիկին եւ Սահակին ուղարկել են այն հրամանատարների հսկողության տակ, որոնց զորամասերում անհամեմատ ավելի շատ հանցագործություններ են լինում. հետաքրքիր է՝ ուղղելու, թե հանցագործությունների մեջ ավելի կատարելագործելու նպատակով կամ գուցե «համապատասխան ձեւով» պատժելու…
Տեսնենք, թե ինչ կորոշի դատարանը նրանց` մեղավոր կամ անմեղ լինելու հարցը քննության առարկա դարձնելուց հետո: Նաեւ կհետեւենք` պարզելու, թե նշյալ զորամասում հանցագործություններ կատարելը միայն Միհրդատի սովորությունն էր, թե զորամասի հրամանատարության ձեռագիրը:
ՄՐՈՆ ԲԱՆԱԿԸ «ԲԱՐԴԱԿ» ԷՐ ՍԱՐՔԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ