ԱՂՔԱՏ «ՀԱՅՐԱՔԱՂԱՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության  տվյալներով՝ ՀՀ-ում աղքատության բարձր մակարդակ է գրանցվել  հատկապես Շիրակի եւ Լոռու մարզերում: Բնակարանների եւ աշխատատեղերի բացակայություն, դրա հետ սոցալական վատ պայմաններ, երեխաներին մեծացնելու համար առաջ եկած այլեւայլ խնդիրներ. ահա սա է աղքատության ողջ դիմագիծն իր վրա կրող ընտանիքների պատկերը, որոնց թիվն այսօր մեծ է հատկապես Գյումրիում ու Շիրակի մարզում:
Աղքատություն կոչվածի մասին գաղափար կազմելու համար շատ բան հարկավոր չէ, բավական է մի փոքր էքսկուրսիա անցկացնել Գյումրու տնակային թաղամասերով, որտեղի բնակիչներից ոմանք կորցրած բնակարաններ են ստանում, ոմանք՝ բնակարան գնում ու դուրս գալիս, ու թաղամասերում արդեն մնում են բնակարան ստանալու հույս ու գումար չունեցող բնակիչները միայն:
«Ես բնակարան չեմ կորցրել, բնակարան ստանալու կամ գնելու հույս էլ բացարձակ չունեմ, չեմ էլ աշխատում: Երկու երեխաներիս պահում եմ ընդամենը 10 000 դրամ նպաստով ու դրանից 7000-ը ես տալիս եմ տնակի վարձ, հիմա ասե՛ք՝ ես ինչպես կարող եմ այդքան գումարով ապրել»,-ասում է տնակային թաղամասի բնակիչ Հերմինեն:
Չնայած նրան, որ գոնե բնակկոմունալ մինիմում հարմարություններ ունեցող տնակ վարձակալելու համար այնքան էլ մեծ գումար պետք չէ, այնուամենայնիվ, շատերն անգամ այդ փոքր գումարը վճարելու հնարավորություններից են զրկված: Նման իրավիճակի մեջ է հայտնվել տիկին Հերմինեն, որն արդեն 5-6 ամիս է՝ տնակի վարձը չի վճարել:
Զրուցակիցներիցս շատերը նշեցին, որ այսօր աշխատանք չեն կարողանում գտնել, քանի որ գործատուների մեծ մասը պահանջում է բարետես, երիտասարդ ու կրթված աշխատակիցներ. «Ես էնքան հոգս ունեմ, որ հավես ու ժամանակ չունեմ ինձ հետեւելու եւ խնամելու: Տեսքիս նայելիս մտածում են, թե ես արդեն 45-ը բոլորել եմ, այնինչ դեռ 35 տարեկան էլ չկամ: Ուղղակի չեմ հասկանում, եթե ես 20-30 տարեկան չեմ, ուրեմն ոչինչ անել չե՞մ կարող ու ստիպված եմ ամբողջ կյանքս չաշխատել ու մնալ աղքատության մե՞ջ»:
Ֆինանսական շատ փոքր հնարավորություն ունեցող այս ընտանիքների զավակների՝ բարեկեցիկ ապագա ունենալու հեռանկարը վտանգված է, քանի որ ինչպես շատ ծնողներ են փաստում, դպրոցական տետրերի ու գրքերի գումարը չեն կարողանում վճարել, ու շատ հաճախ երեխաները կիսատ են թողնում անգամ միջնակարգ կրթությունը, էլ ուր մնաց՝ մասնագիտական միջին կամ բարձրագույն կրթություն ստանան: Այսօր աղքատության մեջ ապրող շատ ընտանիքների միակ ցանկությունն է աշխատատեղերի բացումն ու իրենց` աշխատելու հնարավորություն ստանալը, ինչի մասին խոսում են, բայց կարծես իրենք էլ չեն հավատում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս